Գյումրու ավագանու այսօրվա նիստում ավագանու ՔՊ խմբակցության անդամ Վահագն Մկրտչյանը՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռը, Գյումրու քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանին՝ Վարդան Ղուկասյանի փեսային, հորդորեց Գյումրու փողոցների փոսերին տեր լինել, միջանկյալ մի լուծում գտնել։
«Չգիտես՝ ավելի լավ է սառույցը մնար, փոս չլիներ, թե ավելի լավ է սառույցը չլինեի, չսահեինք, բայց փոս լիներ։ Այս հարցին գոնե միջանկյալ մի լուծում տվեք։
Պարզ է, եղանակային պայմանները թույլ չեն տալիս փոսային նորոգման աշխատանքներ ձեռնարկելու, բայց ժամանակավոր լուծում ՝ շիբին, խճային ինչ-որ լուծումներ, որպեսզի փոսերը մի քիչ գոնե ժամանակավոր ծածկենք, թե չէ քաղաքում արդեն անեկդոտներ են պտտվում՝ եթե մարդուն զանգում ես, անհասանելի է, պարզվում է՝ ուղղակի փոսի մեջ է ընկել»,-ասաց ավագանու անդամը։
Ավետիս Առաքելյանը հակադարձեց՝ ասելով․ «Ձեր ասածը չափազանցված է․ այն, ինչ կատարվել է անցած վեց ամիսներին փոսանորոգման տեսակետով, ահռելի աշխատանք է կատարվել։ Այս տարի դեռ չի սկսվել շինարարական փուլը, կոմունալ բաժնի պետը կարող է հաստատել, որ կատարվում են խճապատման աշխատանքներ որոշակի փոսային հատվածներում, հենց մեկնարկեցին փոսալցման աշխատանքերը, անպայման մյուս փոսերն էլ ընդգրկվելու են ու կատարվելու են այդ աշխատանքները, ես դա ձեզ հավաստիացնում եմ»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: