ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Հայաստան» դաշինքի անդամ Լիլիթ Գալստյանի թեկնածության քննարկման ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն անդրադարձել է ընդդիմադիր պատգամավորի՝ ավելի վաղ հնչեցրած ձևակերպումներին և բարձրացրել սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցը։
Ղազարյանը հիշեցրել է, որ Գալստյանն ու նրա խմբակցությունը դեմ են արտահայտվել ընտանեկան բռնության վերաբերյալ օրենքին՝ մտահոգություն հայտնելով, որ «զուգընկեր» եզրույթի կիրառումը կարող է պաշտպանությունը տարածել նաև նույնասեռ զույգերի նկատմամբ, հայտնում է Factor.am-ը։
«Ուզում եմ ճշտել՝ Դուք արդյոք պատրաստվո՞ւմ եք լինել Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների հանձնաժողովի նախագահ՝ իրենց սեռական պատկանելիության հիմքով խտրական վերաբերմունք չցուցաբերելով»,- հարցրել է Ղազարյանը։
Պատասխանելով հարցին՝ Լիլիթ Գալստյանը շեշտել է մարդու իրավունքներին իր նվիրվածությունը՝ որպես օրինակ մատնանշելով Ղազարյանի սկեսրայրի ազատ արձակման հարցում իր միջնորդությունը։
«Հայաստանում պաշտպանության կարիք ունեն Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները՝ անկախ սեռից, ազգային պատկանելությունից, կրոնական և քաղաքական հայացքներից»,- հայտարարել է թեկնածուն։
Ղազարյանի հաջորդ հարցն առնչվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի վերաբերյալ Գալստյանի գործածած «զուգընկերուհի» բառին։ Պատգամավորը դա գնահատել է որպես թիրախավորում և սոցիալական կարգավիճակի նսեմացում։
Գալստյանն ի պատասխան նշել է, որ այդ եզրույթը կիրառել է բացառապես իրավական տեսանկյունից. «Ընտանեկան օրենսգրքով ընտանիք է համարվում պետական գրանցման ակտերով վավերացված ընտանիքը։ Ես չէի կարող «ընտանիք» բառը գործածել այս պարագայում, և «զուգընկերուհին» ամենապատշաճ բառն է»։
Նա նաև հավելել է, որ իր ասածն անձնական բնույթ չի կրել, այլ ունեցել է քաղաքական կոնտեքստ։