ՌԴ-ում բնակիչներին տուգանում են՝ վառելիքի դեֆիցիտի վրա իշխանությունների ուշադրությունը հրավիրելու փորձի համար

Քաղաքականություն

18.08.2026 | 13:42

Վոլգոգրադում և Պերմում (ՌԴ) բնակիչներին սկսել են վարչական պատասխանատվության ենթարկել՝ իշխանությունների ուշադրությունը վառելիքի դեֆիցիտի վրա հրավիրելու փորձի համար, գրում է Current time-ը։

Օգոստոսի 13-ին Վոլգոգրադի դատարանը Տատյանա Սմետանկոյին տուգանել է 10,000 ռուբլով՝ հուլիսի 16-ին քաղաքում վառելիքի հետ կապված իրավիճակի վերաբերյալ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինին ուղղված բողոքի ձայնագրությանը մասնակցելու համար, հաղորդում է Mediazona-ն։

Տեսաուղերձի ձայնագրությունից հետո ոստիկանությունը ձերբակալել է հինգ անձի։ Նրանց նկատմամբ հանրահավաք անցկացնելու կանոնները խախտելու արձանագրություն է կազմվել (Վարչական իրավախախտումների օրենսգրքի 20.2 հոդված)։

Mediazona-ի տվյալներով՝ Սմետանկոյից բացի՝ տուգանվել են փաստաբան Ալեքսեյ Սևաստյանովն ու Վոլգոգրադի ևս երկու բնակիչ։ Սևաստյանովը նաև մեղադրվել է ոստիկանությանը չենթարկվելու համար (Վարչական իրավախախտումների օրենսգրքի 19.3 հոդված) և դատապարտվել հնգօրյա կալանքի։

Օգոստոսի 17-ին Պերմի դատարանը ակտիվիստ Լև Սամոլովսկիին տուգանել է 10,000 ռուբլով՝ հանրահավաք անցկացնելու կանոնները խախտելու համար: Վարչական գործը հարուցվել է մի հրապարակումից հետո, որտեղ նշվում էր, որ նա Պերմի վարչակազմին ծանուցում է ներկայացրել հուլիսի 26-ին հանրահավաք անցկացնելու մասին՝ «իր կարծիքը հայտնելու մանրածախ վաճառքում վառելիքի պակասի, գների աճի և իրավիճակի լուծման ուղիների վերաբերյալ»:

Օգոստոսի կեսերին Ուկրաինայի կողմից նավթավերամշակման գործարանների վրա հարվածների պատճառով վառելիքի պակասի և բենզալցակայաններում հերթերի երկրորդ ալիքը սկսվեց: Ռուսաստանի իշխանությունները նախկինում բենզինի, դիզելային վառելիքի և այլ վառելիքների արտահանման արգելք էին սահմանել և իջեցրել վառելիքի ներքին արտադրության չափանիշները Եվրո 5-ից մինչև Եվրո 2-ի:

 

 

 

Leave a comment