ՔՊ-ական պատգամավորներն այսօր Ազգային ժողովի հայտարարությունների ժամին անդրադարձան ԱՄՆ փոխնախագահ Վենսի՝ Հայաստան կատարած այցին՝ ներկայացնելով այն որպես պատմական իրադարձություն։
ՔՊ-ական Արման Եղոյանն ասաց․ «Այսօր Հայաստանը՝ մեր պետությունը փոթորկից հանել ենք խաղաղ ջրեր, հաստատել ենք խաղաղություն։ Այսօր քննարկվում է ոչ թե այն, թե պատերազմը երբ կլինի՝ վաղը, մեկ շաբաթից, թե մեկ ամսից, այլ քննարկվում է, թե որ պետության միջուկային ռեակտորը պիտի առնենք՝ ամերիկյան, հարավկորեական, չինական, թե՞ շվեդական ու ռուսական։
Երեկ ԱՄՆ փոխնախագահը ՀՀ-ում հայտարարում է հետևյալը՝ «Հայաստանն այն քիչ երկրներից է, որտեղ մենք բավականաչափ վստահ ենք այս մակարդակի ներդրումներ կատարելու և այս տեսակի տեխնոլոգիաներ ուղարկելու համար։ Եվ դա տեղի է ունենում վարչապետի առաջնորդության շնորհիվ»։
Ու էս հայտարարությունից հետո մարդիկ հարցնում են՝ ո՞նց, հլը պիտի վճարե՞նք էդ տեխնոլոգիաների համար։ Հիմա ասում են՝ Ատոմակայանի համար հլա պիտի փող տա՞նք, չեք նվիրելո՞ւ մեզ Ատոմակայանը, չհասկացանք։ ԹՐԻՓՓ-ն են սարքում, 74 տոկոս բաժնեմաս ունեն, էլի մունաթ են գալիս՝ ոնց թե, մեզ նվեր եք անում, հլը 74 տոկոս էլ բաժնեմաս եք ունենալո՞ւ։ Աբսուրդ, լավ ի՞նչ են ուզում մեր ընդդիմախոսները»։
ՔՊ-ական Հասմիկ Համոբյանն էլ իր ելույթում անդրադարձավ Վենսի՝ Հայաստանում արած հայտարարություններին և դիմեց հայ հասարակությանը․ «Եվս մի 4 ամիս դիմանալ է պետք, սիրելի հայրենակիցներ, և ուզում եմ վստահորեն ասել, որ ամեն ինչ ոչ միայն լավ է լինելու, այլև լավ է, և խաղաղությունն այլընտրանք չունի»։
ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանն ասաց․ «ՀՀ քաղաքացիները տեսնում են, որ իրեն երկիրն էս պահին ձեռք է բերում ամերիկյան արտադրության հետախուզական դրոն։ Եվ ՀՀ քաղաքացիները կարողանում են սա համադրել անցյալի ուրվականի հետ։ ՀՀ քաղաքացին արդեն անվերադարձ մտել է ապագայի զարգացման ու խաղաղության դարաշրջան, և նրան ոչ մեկ այլևս չի կարողանալու հետ քաշել»։
ՔՊ-ական Տիգրան Պարսիլյանի խոսքով․ «Երբ ԱՄՆ փոխնախագահի այցն էր պատրաստվում Հայաստան, ինձ մոտ տպավորություն էր, որ Լապլանդիայից ձմեռ պապիկն է գալիս։ Ընդդիմության ներկայացուցիչներից ում ձեռքը թուղթ ու գրիչ էր ընկել, նամակ էին գրում ԱՄՆ փոխնախագահին։ Ուզում եմ հասկանալ՝ մինչև էդ ԱՄՆ փոխնախագահի տեղը չգիտեի՞ն։ Գիտեին, բայց իրենց նպատակն էր ԱՄՆ փոխնախագահի այցը հնարավորինս մռայլ ու վատ տեսանկյունից ներկայանցել։ Եվ, այո, դա էլ չստացվեց իրենց մոտ, էլի չի ստացվելու»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: