Չինաստանին ստիպել են սահմանափակել մաքուր էներգիայի արտադրությունը

Տարվա առաջին վեց ամիսներին Չինաստանը ստիպված է եղել հրաժարվել մաքուր էներգիայի այնպիսի ծավալից, որը Մեքսիկային կբավականացներ մեկ տարվա ընթացքում, քանի որ երկրի էլեկտրացանցերը հասել են իրենց հնարավորությունների սահմանին։ Այս մասին գրում է Reuters-ը։

Այս ամիս հրապարակված Global Energy Monitor (GEM) և Էներգետիկայի և մաքուր օդի հետազոտությունների կենտրոնի (CREA) զեկույցի տվյալների համաձայն, որոնց հղում է անում Reuters-ի հոդվածը, հունվարից հունիս Չինաստանը սահմանափակել կամ չի օգտագործել 360 ՏՎտ⋅ժ մաքուր էներգիա՝ 49%-ով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։

Reuters-ն ընդգծում է, որ զեկույցում ներկայացված՝ արտադրության հարկադիր սահմանափակման ծավալների գնահատականները զգալիորեն գերազանցում են Չինաստանի կառավարության հրապարակած ցուցանիշները։

Չինաստանի Էներգետիկայի ազգային վարչությունը նախորդ ամիս հայտնել էր, որ 2026 թվականի առաջին կիսամյակում սահմանափակվել է երկրում արտադրված արևային էներգիայի 8.6%-ի և քամու էներգիայի 9.1%-ի օգտագործումը։
Սակայն, հաշվի առնելով եղանակային պայմանների ազդեցությունը և կատարելով համապատասխան ճշգրտումներ, GEM-ն ու CREA-ն գնահատում են, որ առաջին վեց ամիսներին Չինաստանը ստիպված է եղել սահմանափակել արևային և քամու էներգիայի ամբողջ արտադրության 26.1%-ը։

Վերլուծաբանների խոսքով՝ էլեկտրաէներգիայի փոխանցման ենթակառուցվածքների անբավարարությունը, ինչպես նաև Չինաստանում վերջերս կառուցված ածխային էլեկտրակայանների աշխատանքը երաշխավորող մատակարարման պայմանագրերը ստիպում են երկրին հրաժարվել հասանելի վերականգնվող էներգիայի զգալի ծավալներից։

«Չինաստանում արտադրության սահմանափակումը կառուցվածքային բնույթ ունի, ոչ թե ժամանակավոր։ Մենք ակնկալում ենք, որ արտադրության սահմանափակման ուղղությամբ ճնշումը կպահպանվի մինչև այս տասնամյակի վերջը», – հայտարարել է Wood Mackenzie խորհրդատվական ընկերության վերլուծաբան Յուան Ժենը։

Reuters-ի գնահատմամբ՝ արտադրության սահմանափակումներն, ինչպես նաև նոր քաղաքականությունը, որով չեղարկվում է վերականգնվող էներգիայի համար երաշխավորված ֆիքսված գինը, նպաստել են նրան, որ այս տարի Չինաստանում արևային էներգիայի նոր հզորությունների տեղադրումը նվազի 66%-ով։

Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ այս տարի Չինաստանի ածխային էլեկտրակայաններում էլեկտրաէներգիայի արտադրությունը կրկին կաճի՝ ընդհատելով վերջին տասնամյակում գրանցված առաջին անկումը։

Leave a comment