Ռուսաստանի հարևանները պետք է կապեր փնտրեն Ռուսաստանի հետ․ Ֆինլանդիայի նախագահ

Եվրոպան պետք է պահպանի և որոշ պահի վերաբացնի Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները, հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստաբը։

Ֆինլանդիայի ղեկավարի կարծիքով՝ այդ ուղիները օգտակար կլինեն Եվրոպայի համար, եթե ԱՄՆ ներկայիս արտաքին քաղաքականությունը դադարի համապատասխանել Բրյուսելի շահերին:

Ստաբն ընդգծել է, որ Ֆինլանդիան պահպանում է Ռուսաստանի հետ երկխոսությունը սահմանային և դեսպանատների մակարդակով, սակայն ԵՄ-ի շրջանակներում ուղղակի քաղաքական երկխոսության միասնական տեսլական դեռևս բացակայում է: Նախագահի խոսքով՝ Ռուսաստանին սահմանակից երկրները պետք է կարևոր դեր խաղան կապերի վերականգնման ապագայում:

Նախագահը հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ առանձին, ԱՄՆ-ից անկախ քաղաքականության անհրաժեշտության մասին, այն բանից հետո, երբ Վաշինգտոնը ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին հարցաթերթիկ է ուղարկել՝ Սպիտակ տանը նրանց գաղափարական հավատարմությունը ստուգելու համար, հաղորդել է «Ilta-Sanomat»-ը: Սակայն Ստաբն ընդգծել է, որ Միացյալ Նահանգների նման գործողությունները չի համարում ճնշում: «Սա ԱՄՆ ներկայիս վարչակազմի ոճն է», – ասել է նա:

Նախագահը հայտարարել է, որ Հելսինկին հավատարիմ է անկախ արտաքին քաղաքականությանը, պատրաստ է բացահայտ քննադատել Վաշինգտոնի գործողությունները, եթե այն շեղվի միջազգային իրավունքից։

Leave a comment