Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն ու նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը

Հայաստանի երիտասարդական հավաքականի առաջատար, 77 կգ քաշային Սամվել Տերտերյանը Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Մ 20 աշխարհի առաջնության եզրափակչում հաղթեց ադրբեջանցի Ջավիդան Նահմատովին ու նվաճեց ոսկե մեդալը։

Այս առաջնությունում Սամվելը մյուս մասնակիցներից առանձնանում է նրանով, որ ցանկանում է մրցակիցներին հաղթել արժանապատիվ պայքարում։ Մասնավորապես, երբ մրցավարները մրցակցին երկրորդ անգամ են իջեցնում չորեքթաթ դրություն, Սամվելը հրաժարվում է այդ առավելությունից՝ գերադասելով պայքարը շարունակել կանգնած դրությունում։

Մոտավորապես նույն բանը կատարվեց նաև ադրբեջանցու պարագայում։ Վերջինին չորեքթաթ դրություն իջեցնելուց հետո մեր ըմբիշի անվան դիմաց գրանցվեց մեկ միավոր։ Ու հայ մարզիկը կիսատ թողեց «վերևից» աշխատանքը՝ ադրբեջանցուն հնարավորություն ընձեռելով ճակատագրական գոտեմարտը շարունակել հավասար դիրքերում։ Ու հաղթեց։

Ոսկե մեդալ նվաճել չկարողացավ 87 կգ քաշային Յուրիկ Պետրոսյանը։ Նա տանուլ տվեց ճապոնացուն ու արժանացավ արծաթի։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment