Մարտուն Գրիգորյանի նամակը՝ Արմավիր քրեակատարողականից

Հարգելի հայրենակիցներ, շիրակցիներ, գյումրեցիներ,

Բոլորդ տեղյակ եք, որ օգոստոսի 13-ին Հակակոռուպցիոն կոմիտեից քննիչները այցելեցին ինձ և, ի զարմանս բոլորիս, առանց որևէ նախնական ծանուցման կամ հրավերի, փաստորեն, ինձ անմիջապես ձերբակալեցին, որից հետո, ըստ ընթացակարգի, երեկոյան տեղի ունեցած դատական նիստով դատավորը որոշեց երկամսյա կալանքով ինձ ազատազրկել՝ անհասկանալի մի գործով, որին ինքս ընդհանրապես առնչություն չունեմ։

Չեմ ուզենա գործի իրավական կողմին անդրադառնալ, այդ մասին պաշտպանական կողմը պարբերաբար մանրամասն տեղեկացնում է հանրությանը։

Կուզենամ խոսել այս իրավիճակի բարոյական կողմի մասին, որը շատ հստակ է ու ակնհայտ, այն, որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է, որի միջով անցնում ենք արդեն մի տարի և ավելի՝ թիմս, ընտանիքս ու ես, և այս մասին բոլորդ շատ լավ գիտեք։

Ես սպասել եմ այս օրվան, որովհետև ի սկզբանե գիտեի, որ նախ փորձեցին ընտանիքիս բոլոր տղամարդկանց՝ հորս ու որդիներիս, ինչպես նաև թիմակիցներիս նկատմամբ քրեական գործերով ու ձերբակալություններով ինձ թուլացնել, ինչը չստացվեց, ես երբեք չեմ ընկճվել, հետքայլ չեմ արել․ շարունակեցի իմ ճանապարհը, շարունակեցի նույն ձեռագրով, նույն խոսույթով։

Ես միշտ առողջ ու կառուցողական քննադատության կողմնակիցն եմ, բայց և այնպես, դուք բոլորդ գիտեք իմ զուսպ ու կոռեկտ քաղաքական խոսույթը։

Ես հիմա էլ եմ կրկնում արդեն քրեակատարողական հիմնարկից՝ պետք չէ ընտրությունների համար մտնել ընտանիքներ, մարդկանց դժվարությունների ու դժբախտությունների առաջ կանգնեցնել, ընտրությունները եղել են ու կլինեն։ Ճիշտ կլիներ, որ պայքարը լիներ քաղաքական հարթությունում։

Ինչևէ, սա էլ կանցնի, ես դժվարություններից ընկրկող, վհատվող, թուլացող չեմ, իմ 20-ամյա քաղաքական ճանապարհը եղել է բավականին դժվարին ու խոչընդոտներով, բայց ես ունեմ շատ ուժեղ կամային հատկություններ ու ամենակարևորներից մեկն ասեմ՝ միշտ պետք է մարդկային արժեհամակարգին մնալ հավատարիմ։

Իմ պաշտպանի միջոցով տեղեկացված եմ, որ շատ-շատ եք հետաքրքրվել ինձանով։

Այս օրերին ես հատկապես զգում եմ, թե ինչ մեծ ուժ է մարդուն տալիս իր կողքին կանգնած մարդկանց վստահությունը։ Ձեր աջակցությունը պարզապես վերաբերմունք չէ։ Այն պատասխանատվություն է, որը ես շատ լավ գիտակցում եմ։

Ես գնահատում եմ յուրաքանչյուրիդ։

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում իրենց խոսքով, ներկայությամբ, աջակցությամբ ու պարզապես հավատով իմ կողքին են։ Շնորհակալ եմ իմ թիմին՝ նվիրվածության, հավատարմության ու միասնականության համար։

 

Մարտուն Գրիգորյան
17/08/2026
Արմավիր ՔԿՀ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment