Այսօր Aravot.am-ն աշխատանքային այցով Գյումրիում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանից հետաքրքրվեց, թե Գյումրիում իշխանափոխություն անցկացնելու հայտարարությունները դեռ մնո՞ւմ են օրակարգում։
Դավիթ Խուդաթյանը պատասխանեց․ «Վարչապետի հայտարարությունը ուժի մեջ է, և մեզ համար քաղաքական մեծ կարևորություն կա Գյումրիի հետ կապված, և մենք ցանկացած հաջորդ պահի պատրաստվում ենք Գյումրիում ընտրություններով քաղաքային իշխանությունը վերցնել, որովհետև այն բարձրացրած խնդիրները, որոնց մասին ասացինք, դրանց զգալի մասը կապված է նաև համայնքային իշխանությունների՝ կառավարության հետ ոչ համակարգված աշխատանքի հետ։
Ակնհայտ է, որ խզում կա, դրա մասին առաջին անգամ չէ, որ ասել ենք, բայց այդ խզումով հանդերձ մենք փորձում ենք Գյումրիում չկանգնեցնել մեծ ծավալի շինարարական աշխատանքները, ընդհակառակը՝ ավելի մեծ ծավալ հաղորդել դրան, այն նույն տրամաբանությամբ, ինչ Կապանում։ Աշխատանքներ իրականացնելուց ոչ մի պարագայում քաղաքական նպատակահարմարությամբ չենք շարժվել, և Գյումրին մեզ համար նույնքան թանկ ու կարևոր է, որքան Կապանը և որքան հանրապետության այն համայնքները, որտեղ «Քաղաքացիական պայմանագիրը» ունի իշխանություն, այս մասով տարբերություն չկա»։
Հարցին, թե ինչպե՞ս են իրականացնելու իշխանափոխությունը Գյումրիում, մի՞թե պատրաստվում են դա անել Գյումրին խոշորացնելու, որևէ գյուղական համայնքի հետ միավորելու ու նոր վարչական միավորում ստանալու միջոցով, նախարարը պատասխանեց․ «Ո՛չ, հարգելի գործընկերներ, կառավարությունում և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում նման քննարկում չկա։
Խոշորացման թեման մեզ համար ակտուալ է Հայաստանի Հանրապետության բազմաթիվ համայնքների մասով, մենք այլ կառավարության որոշման նախագիծ ունենք, որով պլանավորում ենք Արարատի մարզի Արարատ և Վեդի համայնքների միավորում իրականացնել և նաև Վանաձորի և Փամբակի միավորում իրականացնել։
Գյումրիի հետ կապված մենք միավորման հարց երբևէ չենք քննարկել, և մեր աշխատանքային օրակարգում այս պահին նման հարց չունենք»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: