Վահե Հովհաննիսյանը Համաշխարհային բանկի խմբի տարածաշրջանային տնօրենին է ներկայացրել մակրոտնտեսական վերջին զարգացումները


ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Համաշխարհային բանկի խմբի Միջազգային ֆինանսական կորպորացիայի Հարավային Կովկասի և Արևմտյան Բալկանների տարածաշրջանային տնօրեն Վիեբկե Շլոյեմերին։ Այդ մասին հայտնում են ֆինանսների նախարարությունից:


 


Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է մակրոտնտեսական վերջին զարգացումները, անդրադարձել ՀՀ կառավարության առաջնահերթություններին, ինչպես նաև ներդրումային միջավայրի բարելավման հնարավորություններին։


 


Կողմերը կարևորել են Հայաստանում մասնավոր ներդրումների ընդլայնմանն ուղղված բարեփոխումների իրականացումը՝ ընդգծելով պետություն-մասնավոր գործընկերության առանցքային դերը երկրի տնտեսական առաջընթացի և ենթակառուցվածքների արդիականացման գործընթացում։


 


Այդ համատեքստում ընդգծվել է նաև ՊՄԳ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման, դպրոցաշինության, ճանապարհաշինության և կոյուղաջրերի կառավարման ոլորտներում անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն տրամադրելու կարևորությունը։ Բացի դրանից՝ անդրադարձ է կատարվել պետական մասնակցությամբ ընկերությունների արդյունավետ կառավարման, գործարքների թափանցիկության բարձրացման և այդ ուղղությամբ միջազգային լավագույն փորձի կիրառման հնարավորություններին։


 


Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու երկխոսությունը ՊՄԳ կիրառման հնարավորությունների շուրջ՝ միտված համատեղ օրակարգի լիարժեք իրականացմանը և գործընկերային հարաբերությունների հետագա ամրապնդմանը։

Դիտումների քանակ1

Leave a comment