ՀՀ–ում շուրջ 3.4 միլիարդ դրամի կեղծ հարկային հաշիվների շրջանառության դեպք է բացահայտվել

Բաժանորդագրվել

Սխեմայի սկզբնական օղակում ներգրավված կազմակերպությունը հարկային մարմին հաշվարկ-հաշվետվություններ չի ներկայացրել և հարկ չի վճարել։

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Հայաստանում շուրջ 3.4 միլիարդ դրամի կեղծ հարկային հաշիվների շրջանառության դեպք է բացահայտվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։

Ըստ ՊԵԿ–ի` մի խումբ անձինք ձևականորեն գրանցված ընկերության անունից կեղծ հարկային հաշիվներ են դուրս գրել առանց ապրանքների փաստացի մատակարարման կամ ծառայությունների իրական մատուցման։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։

«Ընկերությունները գրանցվել են հիմնականում ֆինանսական միջոցներ չունեցող կամ նախկինում դատապարտված անձանց անուններով։ Վերջինները չեն ունեցել ապրանքների ձեռքբերումը հիմնավորող փաստաթղթեր, անհրաժեշտ գույք, տեխնիկական միջոցներ կամ աշխատուժ, փաստաթղթերով ձևակերպել են զգալի ծավալի շինանյութի իրացումներ և շինարարական ծառայությունների մատուցումներ։ Կեղծ հարկային հաշիվները դուրսգրվել են մեկ այլ օղակում ընդգրկված տնտեսվարողների համար։ Դրանք էլ փաստաթղթերով իրացումներ են ձևակերպել իրական գործունեություն իրականացնող ընկերություններին։ Այսպիսով այդ ընկերությունների մոտ արհեստականորեն ձևավորվել են ԱԱՀ–ից հաշվանցման ենթակա գումարներ»,– ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ սխեմայի սկզբնական օղակում ներգրավված կազմակերպությունը հարկային մարմին հաշվարկ-հաշվետվություններ չի ներկայացրել և հարկ չի վճարել։

Պարզվել է, որ ընկերությունը 2025 թվականի նոյեմբերից մինչև 2026 թվականի փետրվարը դուրս է գրել ընդհանուր 3.4 մլրդ դրամի հարկային հաշիվներ՝ պետությանը պատճառելով շուրջ 557 մլն դրամի վնաս։

Դեպքի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել առանց ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման կեղծ փաստաթղթեր կազմելու և տրամադրելու հանցագործության հատկանիշներով։

Կատարվում է նախաքննություն։

Leave a comment