Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանը ադրբեջանցու նկատմամբ հաղթանակով դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Յուրիկ Մխիթարյանը ադրբեջանցու նկատմամբ տպավորիչ հաղթանակով դուրս եկավ Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ:

67 կգ քաշայինների 1/8 եզրափակիչում Յուրիկ Մխիթարյանը ադրբեջանցի Մուրադ Ռովսան Ալիեւին հաղթել է 13:6 հաշվով: Որակավորման փուլում հայ ըմբիշը 3:1 հաշվով պարտության է մատնել մոլդովացի Մաքսիմ Դամասչինին:

Քառորդ եզրափակիչում Յուրիկ Մխիթարյանը կգոտեմարտի լեհ Իոսիֆ Զլոտարի հետ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ 97 կգ քաշային Էրիկ Տեր-Մաթեւոսյանը որակավորման փուլում տեխնիկական հաղթանակ է տարել մրցակցի չներկայանալու պատճառով: 1/8 եզրափակիչում Տեր-Մաթեւոսյանը կմրցի բուլղարացի Ռադոստին Վասիլեւի հետ:

Երկրորդ մրցումային օրը պայքարի մեջ մտած Էդգար Պետրոսյանը (55 կգ) եւ Գոռ Խաչատրյանը (72 կգ) պարտվել են մեկնարկային գոտեմարտերում:

55 կգ քաշային Էդգար Պետրոսյանը 1/8 եզրափակիչում 1:10 հաշվով պարտվել է ադրբեջանցի Էմին Ջավալդիին:

72 կգ քաշային Գոռ Խաչատրյանը 1:10 հաշվով պարտություն է կրել Ռուսաստանը ներկայացնող Մինգիան Գորիաեւից:

Երեկոյան մրցահերթում ոսկե մեդալի համար կգոտեմարտեն 77 կգ քաշային Սամվել Տերտերյանն ու 87 կգ քաշային Յուրիկ Պետրոսյանը։

Leave a comment