Դոնալդ Թրամփը հրապարակում է արել Truth Social-ի էջում, հայտարարել, որ լավ հարաբերություններ ունի Հյուսիսային Կորեայի հետ, և դա հաշվի առնելով՝ ուրախ չէ, որ Միացյալ Նահանգները իր նախագահությունից առաջ համաձայնել է մասնակցել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունների: Բացի այդ, Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ այդ վարժանքները ծախսատար են: «Այնուհանդերձ, հիմա ուշ է չեղարկել զորավարժությունները, սակայն հանձնարարել եմ պատերազմի նախարարին՝ էականորեն կրճատել դրանք»,- նշել է Դոնալդ Թրամփը, հավելել՝ վերջերս հարցրել էր Հարավային Կորեայի նախագահին՝ արդյոք նա կմիանա Իրանի ապամիջուկայնացման գործողությանը, և հարավկորեական կողմը հրաժարվել էր։
ԱՄՆ-ն և Հարավային Կորեան պարբերաբար համատեղ զորավարժություններ են անցկացնում, նաև Հարավային Կորեայում է գտնվում ԱՄՆ-ի արտասահմանյան ամենամեծ ռազմաբազան։ Ընթացիկ տասնօրյա զորավարժությունների նպատակն էր բարձրացնել Հյուսիսային Կորեայից բխող սպառնալիքներին հակազդեցության, ԱԹՍ-ների, GPS խափանումների և կիբեռհարձակումների դեմ պայքարի կարողությունները:
Այս ֆոնին Հարավային Կորեան ցանկանում է բանակցություններ վարել Հյուսիսային Կորեայի հետ: Սեուլից կոչ են արել հրաժարվել փոխադարձ սպառնալիքների քաղաքականությունից և կարգավորել երկու երկրների միջև լարվածությունը: Սակայն փորձագիտական շրջանակները կարծում են, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը այդքան էլ հետաքրքրված չէ Հարավային Կորեայի, Միացյալ Նահանգների և Արևմուտքի հետ հարաբերությունների բարելավմամբ, քանի որ ռազմական և այլ ոլորտներում արդյունավետորեն գործակցում է Ռուսաստանի հետ:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: