Տուգանվելու են համացանցում հայհոյանք, ատելության խոսք գրողները. Սրբուհի Գալյանը նոր նախագիծ է մշակում

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օրերս ՔՊ պատգամավոր Սոնա Ղազարյանը տեսանյութ էր հրապարակել Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հետ, որտեղ նախարարն ասել էր, որ ատելության խոսքի դեմ պայքարի հետ կապված նոր նախագիծ է քննարկվում։ 

Ներկա պահին նախագիծը դեռ քննարկման փուլում է և չի շրջանառվել շահագրգիռ մարմինների միջև՝ Factor.am-ի հետ զրույցում հայտնել է Գալյանը։ «Էությունը հետևյալն է, որ վարչական և քաղաքացիական պատասխանատվություն է ձևակերպվում ատելության խոսքի հետ կապված։ Քաղաքացիական պատասխանատվությունը լինելու է նյութական վնասի հատուցման կարգով, ինչպես  օրինակ զրպարտության կամ վիրավորանքի դեպքում է, եթե քաղաքացին առնչվի իր վերաբերյալ ատելության խոսքի, ապա հնարավորություն կունենա  դիմել դատարան՝ պահանջելով, օրինակ, ներողություն խնդրել, դրամական փոխհատուցում տրամադրել, ջնջել այդ նյութը (հրապարակումը), որում արտահայտվել է ատելության խոսքը և այլն։

Վարչական պատասխանատվության մասով դեռ պետք է քննարկել, հատկապես այն հատվածը, որը վերաբերում է իրավասու մարմնին, որը պետք է հայտնաբերի ատելության խոսքը և վարչական պատասխանատվություն կիրառի ոչ միայն քաղաքացիների, այլ նաև այն հարթակների կամ իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք տարածում են ատելության խոսքը։ Վարչական պատասխանատվության պարագայում տուգանքներ են սահմանվելու» ասել է նախարարը։

Անդրադառնալով դիտարկմանը, որ կեղծ օգտահաշիվների հայտնաբերումը հեշտ չի լինելու՝ Գալյանն նկատեց, որ բավականին բարդ է դա, ընդ որում բարդ է ոչ միայն մեր երկրում, այլ ամբողջ աշխարհում, քանի որ թվային աշխարհում ֆեյքերի դեմ պայքարը  պարզ խնդիր չէ։ 

Խոսելով ատելության խոսքի դրսևորումների քրեորեն հետապնդելիության մասին Գալյանն ասաց, որ այսօր ուղղակի ավելի ծանր դրսևորումներն են քրեորեն հետապնդելի։ «Մենք հիմա փորձում ենք ավելի մեղմ դրսևորումները, որոնք ուղղակի ատելություն են պարունակում՝ հանգեցնի որոշակի պատասխանատվության»,- ասաց նախարարը, հավելելով,  որ տուգանքների չափը որոշարկված չէ, քանի որ նախագիծը դեռ շրջանառված և ամփոփված չէ։

Leave a comment