Ջավախքի բարձրավանդակի լեռների կիրճում բույն է դրել մեր գյուղը՝ Փոկան։ Փոկան Փարվանա լճի ափին` Աբուլ լեռան ստորոտում ծվարած մի փոքրիկ հողակտոր է, որտեղ մարդիկ անհիշելի ժամանակներից ապրել են, արարել, եկեղեցի ու դպրոց կառուցել։
Մենք՝ ջավախքցիներս, երբեք կարիք չենք ունեցել մեր հիշողությունը փորփրելու, թե որտեղից ենք գալիս, քանզի ամենքիս մտքում ուրվագծված է մեր հայրենիքը՝ որպես մեր հոգու հանգրվան։
Հայրենիքի հասկացությունը փոկացիների համար սկսվում է հայրենի գյուղից։
Այո՛, հայրենիքը սկսվում է, բայց չի վերջանում․․․ Այն՝ իբրև աշխարհագրական տարածք ու կենսագրություն, տեսանելի է, սակայն անմեկնելի է որպես հոգևոր երևույթ։ Այս զգացումները առավել կերպավորվում են, երբ այցելում ես Ջավախք։ Ոտքդ դնում ես հողին ու ասում․ «Սա իմն է»․․․
Բնավ չեմ հավակնում բոլորին վերագրելու այս զգացումներս, սակայն համոզված եմ, որ յուրաքանչյուր հայ կունենա նույն ապրումները՝ տեսնելով Փարվանան, Աբուլն ու Մթին սարերը, որոնց չքնաղ պատկերից հոգուդ մեջ առաջանում է կանչ ու կարոտ, երազ ու հառաչանք, և սկսում ես հասկանալ, որ փոկացի լինելը կարգավիճակ չէ, այլ կենսագրություն ու կենսակերպ, որ գալիս է դարերի խորքից։
Էրզրում և Արդահան նահանգների բնակչության մի ստվար հատված, բնակություն հաստատելով Ջավախքի բարձրավանդակում, ի սկզբանե իր կյանքի առանցքը դարձնում է համայնքը կանգուն պահելու կամքը։
Հազիվ ի վիճակի լինելով ապահովել գոյության նվազագույն պայմաններ՝ փորձում են կառուցել դպրոց ու եկեղեցի՝ քաջ գիտակցելով, որ նախևառաջ հավատով ու կրթությամբ պիտի է նվաճվի ապրելու և հարատևելու իրավունքը։
1865 թվականին քահանա Տեր-Մելքոնի կողմից հիմնվում է Փոկայի «Ծխական» դպրոցը, որն ուներ 1 ուսուցիչ և 43 աշակերտ, իսկ 1868 թ․-ին՝ արդեն 5 հոգաբարձու, 1 ուսուցիչ և 45 աշակերտ։ Դպրոցում ուսուցանվում էր գրաբար, հայոց պատմություն, քերականություն, տոմարագիտություն, վայելչագրություն և այլ առարկաներ։
Մկրտիչ Տեր-Մելքոնյանը կրթված անձնավորություն էր։ Դպրոցի աշխատանքները կազմակերպելու և կոորդինացնելու գործում նրան մեծ աջակցություն են ցուցաբերել Աշոտ Քոսյանը, Գևորգ Զորօղլյանը, Ալեքսան Մկրտչյանը և ուրիշներ։ Նրանց շիրիմներն այժմ գտնվում են գյուղի Լուսավորիչ եկեղեցու բակում։ Դպրոցը գործում էր եկեղեցուն կից և փակվում է խորհրդային կարգերի հաստատումից անմիջապես հետո։
«Ծխական» դպրոցը վճարովի էր և հասանելի չէր բոլորին։
Նախախորհրդային ժամանակաշրջանի մյուս կրթօջախը Փոկայում բացվել է ծնունդով Ախալքալաքի շրջանի Լոմատուրսխ գյուղից Խաչատուր Ղուկասյանի կողմից։ Այստեղ I-IV դասարանի տարրական կրթություն էին ստանում Օհանենց «Յազլուղում», որի առաջին աշակերտը եղել է Օհանենց Ենոքը՝ Ենոք Մարկոսյանը։ Այնուհետև դպրոցը տեղափոխվում է Կոկոնայենց Ծառուկի տուն։
1930-ական թվականներին գյուղում նոր դպրոց բացելը դարձել էր օրվա հրամայական։ Լիկկայանի ուսուցիչ Համբարձում Անտոնյանը, որը կրթություն էր ստացել Ախալքալաքում և փայլուն տիրապետում էր մի քանի օտար լեզուների, դպրոց բացելու խնդրանքով դիմում է Լավրենտի Պավլովիչ Բերիային։ Բերիան կարգադրում է իր մոտ հրավիրել այդ համարձակին։ Վրացերենով մոտ կես ժամ տևած զրույցից հետո Բերիան անմիջապես հրամայում է Ախալքալաքի ղեկավարությանը թույլ տալ բացել Փոկայի դպրոցը։ Ամբողջ գյուղի սևեռակետը դարձել էր դպրոցաշինությունը։ Գյուղացիների ուժերով «ճեղքած» սարից բազալտ է բերվում և կառուցվում է Փոկայի «Հին» դպրոցը։ Դպրոցը շահագործման է հանձնվում 1935թ․-ին։ 1988թ․-ի երկրաշարժի ժամանակ դպրոցը քանդվում է։
Դպրոցում կային ընդամենը մի քանի դասարաններ՝ տարրական և յոթամյա ուսուցմամբ։ Յոթամյա ուսուցման առաջին աշակերտուհիներից էր Արեգնազ Զորօղլյանը, որը հետագայում նաև տարրական դասարանների առաջին ուսուցչուհին էր։ Դպրոցի տնօրենն էր գյուղի կոմերիտական բջջի քարտուղար Մ․ Ադամյանը։
Հետագայում դպրոցը դառնում է ութամյա, իսկ 1960-61 թթ․՝ տասնամյա։
Այդ տարիներին դպրոցը համալրվում է սեփական մանկավարժական կադրերով՝ Կոլյա Հակոբյան, Գևոր Ղույումչյան, Զատիկ Տերտերյան, Մաքսիմ Ղույումչյան, Աղասի Հովհաննիսյան, Հրայր Ադամյան, Վաղարշակ Հովհաննիսյան, Գրիգոր Մարկոսյան և ուրիշներ։
1972 թվականին շահագործման է հանձնվում դպրոցի նոր երկհարկանի շենքը։ Այդ ժամանակ դպրոցը համալրվում է նոր մանկավարժական կադրերով՝ Շալիկո Զորօղլյան, Գերասիմ Ադամյան, Նարիբեկ Զորօղլյան, Սերժիկ Ադամյան, Միքայել Հովսեփյան, Խաչիկ Զորօղլյան և ուրիշներ։
Ունեինք այնպիսի ուսուցիչներ, որոնց չհավատալը մեղք էր, նրանց ցույց տված ճանապարհին չվստահելը՝ հանցանք։ Մեր մտքի մեջ գունավորում էինք այդ կերպարները և պաշտում կուռքերի պես։ Նրանց խոսքն անքննելի էր․․․
Իսկ այսօր․․․
Մեր պատմությունը մեր հարստությունն է, պարծանքը, սակայն փոկացին չի ապրում միայն հիշողություններով, այսօր էլ պատմությունը շարունակվում է նոր վճռով․․․
Այսօր դպրոցի առջև շատ ու շատ հիմնախնդիրներ են ծառացել, մենք միայն կողքից ենք գնահատում երևույթները, իսկ դպրոցի տնօրեն Մովսես Ալվանջյանի և մանկավարժական կոլեկտիվի վրա դրված են օրախնդիր հարցերի վճռումն ու լուծումը։ Նրանք գիտակցում են, որ հավատը վաղվա օրվա հանդեպ մեր երեխաներն են, և որ հոգևոր կորուստը անդառնալի է, հոգևոր բացը հեշտ է առաջանում, բայց ենթակա է տարիներով չլցվելու վտանգի։
Գոհունակությամբ պետք է նշել, որ վերջին տարիներին մեր դպրոցը, իրոք, լուրջ հաջողությունների է հասել։ Մեր աշակերտները մասնակցում և պատվավոր տեղ են գրավում շրջանային և հանրապետական օլիմպիադաներում։ Վերջերս շատ շրջանավարտներ պարգևատրվել են ոսկյա և արծաթե մեդալներով, որոշները նվեր են ստացել համակարգիչներ։ Փոկայի հանրակրթական դպրոցի մեծ թվով շրջանավարտներ ուսանում են Թբիլիսիի և Երևանի տարբեր բուհերում։ Գրադարանավարուհի Վարդիթեր Մկրտչյանի ջանքերով դպրոցում բացվել է տարածաշրջանում նմանը չունեցող թանգարան, օրեցօր համալրվում է գրքային ֆոնդը․․․
Մանկության տարիներին մեզ թվում էր, թե երջանկությունը գյուղի «դարպասներից» անդին է, բայց իմ մանկության հեքիաթը մնաց Փոկայի «պատուհաններից» ներս՝ տատիս թխած, աշխարհում ամենահամեղ գաթայի, երկրագնդի որևէ կետում լսված կամ դեռևս չլսված նրա պատմած հեքիաթների ու մորս թխած լավաշի քաղցր բույրի մեջ, և աշխարհում ոչ մի շքեղություն կամ փայլ չի կարող խամրեցնել իմ մանկության հեքիաթը․․.
Հայաստան ԱԼՎԱՆՋՅԱՆ
ՔԻՄԻԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒ, ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: