Եկեղեցու թիրախավորմամբ խաթարվել է ազգային և եկեղեցական մեր կյանքը․ Մայր Աթոռ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում քահանաների հավաք է գումարվել փետրվարի 10-ին։ Հավաքի արդյունքներով Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշվում է․

«Վերջին ամիսներին Հայաստանի իշխանությունների կողմից Եկեղեցու և եկեղեցականների թիրախավորմամբ և հետապնդումներով խաթարվել է ազգային և եկեղեցական մեր կյանքը։ Ստեղծված իրավիճակը բացասական հետևանքներ և լարվածություն է առաջ բերել մեր համայնքների կյանքում, ինչին, ցավոք, նպաստել է նաև որոշ եկեղեցականների անընդունելի ընթացքը։

Նոր պառակտումներից զերծ մնալու համար հրամայական է, որպեսզի քահանաներս, մեր ուխտին ու կոչմանը հավատարիմ, անշեղորեն հետևենք Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու կարգերին ու կանոններին, եղբայրասիրությամբ հետամուտ լինենք միաբանության վերականգնմանը և առ Աստված ապավինությամբ ու հավատի գործերով արդյունավորենք տիրավանդ մեր առաքելությունը։

Կոչ ենք անում մեր ժողովրդի զավակներին՝ փորձությունների այս շրջանում աներեր պահել նախնյաց հավատը և փարված մնալ մեր Սուրբ Եկեղեցուն և հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ միմյանց զորակցությամբ հայոց տապանը առաջնորդելու դեպի ապահով և լուսավոր նավահանգիստ։

Մեր մշտամնա աղոթքն է, որ երկնավոր Տերը խաղաղության մեջ պահի համայն աշխարհը, ապահով և անսասան՝ հայրենի մեր երկիրը, անխռով ու համերաշխ՝ մեր ժողովրդին և հավետ պայծառ՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին»։

The post Եկեղեցու թիրախավորմամբ խաթարվել է ազգային և եկեղեցական մեր կյանքը․ Մայր Աթոռ appeared first on CIVILNET.

Leave a comment