«Արցախի ներկայացուցչության շենքը խլելով՝ ինչպիսի՞ իրավական ուղերձ է Հայաստանը տալիս արցախահայերին եւ միջազգային հանրությանը՝ Արցախի գույքային իրավունքների պաշտպանության վերաբերյալ»

«Առավոտ»-ի հարցերին պատասխանել է արցախցի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։

-Պարոն Մարտիրոսյան, ՀՀ գլխավոր դատախազությունը գրավոր դիմել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով ավելի արագացնել Արցախի ներկայացուցչության շենքի հարցի քննությունը։ Փաստացի արցախցիներից փորձում են խլել այս շենքը, ի՞նչ հետեւանք դա կունենա, եւ ինչո՞ւ են ՀՀ իշխանություններն այս փուլում գնում նման քայլի։ Եվ ընդհանրապես, հաշվի առնելով, որ դա արցախցիների սեփականությունն է, իրավական առումով իրավունք ունե՞ն խլել շենքը։

-Արցախի ներկայացուցչության շենքի շուրջ ստեղծված իրավիճակը պետք է դիտարկել ոչ միայն որպես Հայաստանի ներսում սեփականության իրավունքի վերաբերյալ առանձին դատական վեճ, այլեւ Արցախի ժողովրդի գույքային իրավունքների պաշտպանության ավելի լայն համատեքստում։ Հայաստանի իշխանությունը պարտավոր է հստակ պատասխանել՝ եթե Հայաստանը միջազգային եւ իրավական հարթակներում խոսում է արցախահայերի՝ Արցախում իրենց թողած գույքի եւ դրա նկատմամբ իրավունքների պահպանման մասին, ապա ինչպե՞ս է վերաբերվում Հայաստանում գտնվող Արցախի գույքին։ Այս երկու իրավիճակները իրավական առումով նույնական չեն, բայց դրանց միջեւ կա շատ կարեւոր սկզբունքային զուգահեռ՝ սեփականության իրավունքի պաշտպանությունը։

Ադրբեջանի կողմից արցախահայերի գույքային իրավունքների նկատմամբ որեւէ մոտեցում չի կարող արդարացվել միայն այն հիմնավորմամբ, որ տվյալ տարածքի քաղաքական կարգավիճակը փոխվել է։ Նույն տրամաբանությամբ՝ Հայաստանի Հանրապետությունում Արցախի գույքի նկատմամբ իրավունքի դադարեցումը նույնպես պետք է հիմնավորվի ոչ թե քաղաքական դիրքորոշմամբ, այլ կոնկրետ իրավական նորմով և փաստերով։ Այստեղ առաջանում է նաեւ պետության իրավական հետեւողականության հարցը։ Եթե մենք պահանջում ենք, որ Ադրբեջանը ճանաչի եւ չոչնչացնի արցախահայերի սեփականության իրավունքների իրավական հետեւանքները, ապա Հայաստանի Հանրապետությունը նույնպես պետք է շատ զգույշ լինի, որպեսզի Արցախի գույքային իրավունքների նկատմամբ իր գործողությունները չընկալվեն որպես այդ իրավունքների վերացման նախադեպ։ Այս քաղաքական մոտեցումը խիստ վտանգավոր է։

Ավելին՝ այստեղ կա մի շատ վտանգավոր հակասության հնարավորություն։ Մի կողմից կարող ենք ասել արցախահային՝ քո տունը, հողը, բնակարանը եւ այլ գույքը Արցախում քոնն է, եւ այդ իրավունքը չի վերացել տեղահանության կամ ուժի կիրառման հետեւանքով, որն, ի դեպ, հիմնված է միջազգային իրավունքով, իսկ մյուս կողմից Հայաստանում գտնվող Արցախի գույքի վերաբերյալ ասել՝ քանի որ Արցախի Հանրապետությունն այլեւս չի գործում, նրա սեփականության իրավունքը պետք է վերանա։ Իրավական պետության համար սա առնվազն բացատրության կարիք ունեցող հակասություն է։

Իհարկե, պետք է տարբերակել Արցախի Հանրապետության՝ որպես իրավունքի սուբյեկտի գույքը եւ անհատ արցախցիների մասնավոր սեփականությունը։ Սակայն երկուսի հիմքում էլ կանգնած է սեփականության իրավունքի նկատմամբ հարգանքի սկզբունքը։ Եթե պետական գրանցման իրավաչափությունը վիճարկվում է, պետությունը կարող է դա անել դատարանում, բայց դատարանը պետք է պարզի կոնկրետ իրավական հիմքը եւ ոչ թե քաղաքական նպատակահարմարությունը դարձնի սեփականության իրավունքի դադարեցման փաստարկ։

Ինձ համար այս պատմության ամենակարեւոր հարցը հետևյալն է՝ ինչպիսի՞ իրավական ուղերձ է Հայաստանը տալիս արցախահայերին եւ միջազգային հանրությանը՝ Արցախի գույքային իրավունքների պաշտպանության վերաբերյալ։ Մենք գիտենք, որ բազմաթիվ հայցեր են ներկայացվել միջազգային դատարան՝ արցախահայության գույքային իրավունքների վերաբերյալ։ Նման պայմաններում ծանր հարված կարող է լինել միջազգային դատարանում արցախցիների գույքային իրավունքների նկատմամբ։ Եթե Հայաստանը ակնկալում է, որ Ադրբեջանը հետագայում պետք է պատասխանատվություն կրի արցախահայերի սեփականության իրավունքների խախտման համար, ապա Հայաստանի ներսում Արցախի գույքի նկատմամբ սեփականության իրավունքի վերացման յուրաքանչյուր քայլ պետք է լինի առավելագույնս իրավական, թափանցիկ եւ հիմնավորված, երբեք չպետք է տեղավորվի արցախահայության քաղաքական իրավունքի սահմաններում։

Հակառակ դեպքում, առաջանում է շատ վատ քաղաքական եւ իրավական տպավորություն․ Ադրբեջանին ասում ենք՝ արցախահայերի գույքային իրավունքները չեք կարող պարզապես վերացնել, իսկ Հայաստանի ներսում նույն գույքային իրավունքի պաշտպանության նկատմամբ կիրառում ենք այլ չափանիշ։ Ես կարծում եմ՝ պետությունը պետք է կարողանա բացատրել, թե ինչո՞ւ այդ երկու մոտեցումները միմյանց չեն հակասում։ Ուստի, Արցախի ներկայացուցչության շենքի հարցը, իմ գնահատմամբ, միայն շենքի հարց չէ։ Դա նաեւ փորձություն է, թե Հայաստանի Հանրապետությունը որքան հետեւողական է սեփականության իրավունքի պաշտպանության իր իսկ հռչակած սկզբունքի նկատմամբ։ Եթե այդ շենքի նկատմամբ սեփականության իրավունքը պետք է դադարեցվի, ապա պետք է ցույց տրվի դրա կոնկրետ իրավական հիմքը, իսկ եթե խոսքը հարկադիր օտարման մասին է, պետք է գործեն նաեւ օրենքով նախատեսված փոխհատուցման երաշխիքները։

ՀՀ գործող օրենսդրությունը հանրության գերակա շահի դեպքում նախատեսում է համարժեք փոխհատուցում եւ դրա ապահովման հատուկ ընթացակարգ։ Եվ վերջապես հռետորական մի հարց կուղղեի՝ եթե մենք միջազգային նորմերով ո գույքային իրավունքներ ունենք Ադրբեջանի նկատմամբ, ըստ որի՝ Ադրբեջանը պարտավոր է հարգել արցախահայերի գույքային իրավունքները, ապա Հայաստանը պետք է նույնքան բարձր չափանիշ սահմանադրի նաեւ իր իրավական տարածքում գտնվող Արցախի գույքի նկատմամբ, թե՞ ոչ։ Նորություն չէ , որ սեփականության պահպանման իրավունքը նույնն է բոլոր կողմերի համար, որը չի կարող կախված լինել քաղաքական հանգամանքից ։

Դուք ասում եք՝ «Հայաստանը միջազգային եւ իրավական հարթակներում խոսում է արցախահայերի՝ Արցախում իրենց թողած գույքի եւ դրա նկատմամբ իրավունքների պահպանման մասին», բայց փաստ է, որ պետական մակարդակով նման պահանջ չկա։ Այսինքն՝ ՀՀ իշխանությունը հրաժարվել է այդ հարցից, գոնե հրապարակային չկա նման պահանջ, ավելին, իշխանությունները խոսում են միջպետական հայցերը հետ վերցնելու մասին։ Սա ինչպե՞ս կմեկնաբանեք։

-Դուք ճիշտ եք նկատել, ոչ պետական մակարդակով, բայց այդուհանդերձ այդ հայցերը կան։ Այստեղ ես տեսնում եմ ոչ միայն մեկ շենքի, այլ իրավական քաղաքականության հետեւողականության խնդիր։ Եթե Հայաստանի Հանրապետությունը հրապարակայնորեն չի պահանջում Ադրբեջանից երաշխավորել արցախահայերի սեփականության իրավունքները, իսկ ավելին՝ քննարկվում կամ իրականացվում է միջազգային միջպետական դատական գործընթացներից հրաժարվելու քաղաքականություն, ապա դժվար է Արցախի ներկայացուցչության շենքի շուրջ ստեղծված իրավիճակը ներկայացնել որպես արցախահայերի գույքային իրավունքների պաշտպանության ընդհանուր քաղաքականության մաս։ Ընդհակառակը՝ այստեղ առաջանում է երկակի չափանիշի վտանգ։ Հայաստանի ներսում Արցախի գույքի նկատմամբ իրավունքի դադարեցումը պետք է գնահատվի բացառապես դրա կոնկրետ իրավական հիմքով, իսկ Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի պահանջների բացակայությունը պետք է գնահատվի արդեն քաղաքական պատասխանատվության տեսանկյունից։

Եթե պետությունը հրաժարվում է միջազգային իրավական հարթակներում Արցախի հայերի իրավունքների պաշտպանությունից, ապա առավել եւս պետք է բացատրի, թե ինչո՞ւ է Հայաստանում Արցախի գույքի նկատմամբ գնում սեփականության իրավունքի վերացման ճանապարհով։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment