Անտերության մատնված վանական համալիրները վերադարձնում ենք հանրությանը. Պապոյան

«Կրոնական զբոսաշրջությունն ունի մեծ պոտենցիա»:

Այս մասին ԱԺ-ում ՀՀ-ի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիր» վարկային համաձայնագրի վավերացման քննարկմանը հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նրա խոսքով՝ այսօր աշխարհում քչերը գիտեն, որ Հայաստանը առաջինն է ընդունել քրիստոնեությունը։

«Սրա շուրջ ևս պետք է մեծ հանրահռչակում իրականացնենք։ Աշխարհում քչերը գիտեն, որ մենք ենք առաջինը ընդունել քրիստոնեությունը։ Եթե իտալացիներն առաջինն ընդունեին, դրա մասին բոլորը կիմանային, եթե հույներն ընդունեին, նույն կերպ կիմանային։ Կոպիտ է հնչում, բայց պետք է ասեմ՝ «անտերության մատնված» վանական համալիրները վերադարձնում ենք հանրությանը, վերադարձնում ենք զբոսաշրջիկին։ Դրա նպատակը ոչ միայն մոնետարիզացիան է, այլ նաև Հայաստանի Հանրապետության հանրահռչակումը՝ որպես զբոսաշրջային երկիր»,- ասել է նախարարը։

Պապոյանի խոսքով՝ «անտերության մատնված» վանական համալիր տանող ճանապարհները վերանորոգում են, որ անգամ Հայաստանի զբոսաշրջիկների համար դարձնեն հասանելի։

«Խոսքը Շիրակի մարզի Մարմաշեն վանական համալիրի մասին է, որտեղ հասնելու համար ինչ-որ կետից պետք էր երևի վարձել ջիպեր, բայց հիմա կարելի է հեծանիվով, ոտքով, ավտոբուսով, մարդատար մեքենայով հասնել այնտեղ։ Դա էլ բավարար չէ, սարքել ենք քայլուղի։ Նույնը արվել է Գնդեվազում»,- ասել նա։

Նշենք, որ ծրագրի համար Հայաստանը 120 մլն եվրո արժողությամբ վարկ է վերցնում։ 

Leave a comment