Լիբանանն ու Իսրայելը հունիսի 26-ին Վաշինգտոնում շրջանակային համաձայնագիր կնքեցին, որը նախատեսում էր լիակատար հրադադար և Լիբանանի բանակի վերահսկողության վերականգնում երկրի հարավում՝ «Հզբոլլահի» զինաթափման պայմանով:
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ Լիբանանի հարավում հարվածել է «Հզբոլլահ» շարժման ենթակառուցվածքներին՝ ի պատասխան անվտանգության գոտում գործող ՑԱԽԱԼ-ի ուժերի դեմ ձեռնարկված գործողությունների։
«Ի պատասխան ՑԱԽԱԼ-ի զինծառայողների դեմ գործողությունների Ալի ալ-Թահեր լեռնաշղթայում՝ անվտանգության գոտում, որտեղ գործում են ՑԱԽԱԼ-ի զինվորները, Իսրայելի բանակը գիշերը հարված է հասցրել «Հզբոլլահի» ենթակառուցվածքներին Լիբանանի հարավի Նաբաթիա և Անսար շրջաններում»,-ասված է մամուլի հաղորդագրության մեջ:
Իսրայելցի զինվորականները տներ և քաղաքացիական ենթակառուցվածքներ են պայթեցնում` հայտարարելով, որ հարվածներն իբր հասցվում են «Հզբոլլահ» շարժման հետ կապված թիրախներին՝ Իսրայելի հյուսիսը շիա դիմադրության հնարավոր սպառնալիքից պաշտպանելու համար։