Լրագրողի նկատմամբ սպառնալիքներին կամ նրա մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու ցանկացած դրսևորում պետք է արժանանա անհապաղ և կոշտ իրավական հակազդման. կհանդիպենք դատարանում․ փաստաբան Աննա Ծառուկյան

Փաստաբան Աննա Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Լրագրող և հասարակական ակտիվ դիրքորոշմամբ հայտնի Անի Գևորգյանի նկատմամբ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ լրագրողի կողմից ներկայացվել է հաղորդում՝ հնարավոր քրեական իրավախախտումների վերաբերյալ։ Հաղորդման մեջ նկարագրված են լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, նրան հետապնդելու, հրապարակային կերպով վիրավորելու և նվաստացնելու վերաբերյալ մի շարք հանգամանքներ։
Ըստ հաղորդման՝ դեպքը տեղի է ունեցել 2026 թվականի մայիսի 15-ին՝ Արմավիր քաղաքի կենտրոնում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ։
Ներկայացված փաստերի համաձայն՝ սուբյեկտը միջամտել է Անի Գևորգյանի մասնագիտական գործունեությանը՝ քաղաքացիների հետ հարցազրույցի ընթացքում խոչընդոտելով լրագրողի աշխատանքը։
Լրագրողը, իրավիճակը չսրելու նպատակով, դադարեցրել է հարցազրույցը և տեղափոխվել տարածքի մեկ այլ հատված։ Սակայն, ըստ հաղորդման, սուբյեկտը շարունակել է հետևել նրան և փորձել ներգրավել նաև այլ անձանց՝ լրագրողի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով։

Հաղորդման համաձայն՝ այդ ընթացքում հնչել են նաև վիրավորական, նվաստացնող և ատելության բնույթի արտահայտություններ։
Իրավիճակի սրման պայմաններում Անի Գևորգյանը դիմել է դեպքի վայրում ծառայություն իրականացնող ոստիկաններին՝ խնդրելով կանխել իր նկատմամբ հետագա հետապնդումը և հնարավոր ֆիզիկական վտանգը։ Նրա պահանջով նրան կցվել են երկու ոստիկան։
Ըստ ներկայացված հաղորդման՝ միջադեպը չի սահմանափակվել մայիսի 15-ի դեպքերով։
Նույն օրը սուբյեկտի կողմից «Facebook» սոցիալական ցանցում իրականացվել է 1 րոպե 43 վայրկյան տևողությամբ ուղիղ հեռարձակում, որի ընթացքում տեսախցիկը ուղղվել է Անի Գևորգյանի կողմը, իսկ նրա հասցեին հնչել են վիրավորական և նվաստացնող արտահայտություններ։
Հաղորդմանը կից ներկայացվել է ուղիղ հեռարձակման հղումը։

Հաջորդ օրը՝ մայիսի 16-ին, նույն օգտահաշվից իրականացվել է ևս մեկ՝ 24 րոպե 53 վայրկյան տևողությամբ ուղիղ հեռարձակում, որի ընթացքում, ըստ հաղորդման, շարունակվել է լրագրողի հրապարակային թիրախավորումը։
Հաղորդմամբ ներկայացված հանգամանքների հիման վրա խնդրվել է իրավասու մարմիններին տալ նախնական իրավական գնահատական և քննարկել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով քրեական վարույթ նախաձեռնելու հարցը, որը մերժվել է քննիչի կողմից։
Եվ հիմա դատախազությունն ու քննչական մարմինները շարունակում են խտրական վերաբերմունքը լրագրող և հայրենասեր Անի Գևորգյանի նկատմամբ։
Պետք է արձանագրել, որ ՝ լրագրողի նկատմամբ սպառնալիքներին կամ նրա մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու ցանկացած դրսևորում պետք է արժանանա անհապաղ և կոշտ իրավական հակազդման։
Մինչդեռ այսօր մենք կրկին հայտնվել ենք բողոքների մի շրջապտույտում՝ իրավապահ մարմիններին քրեական վարույթ նախաձեռնելու պարտավորեցնելու համար։
Սա արդարադատությո՞ւն է։ Իհարկե՝ ոչ։
Իրավական պայքարը շարունակելու ենք բոլոր հնարավոր հարթակներում։
Կհանդիպենք դատարանում։

 

Leave a comment