Օգոստոսի 17–ից Ղարաբաղից տեղահանված անձինք կարող են դիմել և ստանալ թվային կամ պլաստիկ վարորդական վկայական՝ առանց նոր քննություն հանձնելու։
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik․ Ղարաբաղից տեղահանվածները, ովքեր զրկված են վարորդական իրավունքից (մինչև վերաբնակեցումը), կարող են կրկին առանց նոր քննություններ հանմձնելու ստանալ իրենց վարորդական վկայականը օգոստոսի 17–ից։ Այս մասին հայտնել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Նրա խոսքով` վերջին շրջանում բազմաթիվ դիմումներ են ներկայացվել Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ զրկման պայմաններում վարորդական իրավունքի վերականգնման խնդրով։
«Հարցը մանրամասն ուսումնասիրվել է ներքին գործերի նախարարությունում, ուսումնասիրվել է նաև հարցի առնչությամբ տեղահանումից հետո միգրացիայի ոլորտի լիազոր մարմնին հասանելի դարձած տեղեկատվական շտեմարաններում առկա բոլոր տվյալները։ Հաշվի առնելով, որ տված տվյալներով հստակ հաստատվում է անձի վարելու իրավունքի առկայությունը, սակայն ամբողջական չեն վարելու իրավունքի զրկված լինելու, զրկման հիմքերի և ժամկետների վերաբերյալ տվյալները, ստեղծված իրավիճակում որոշում է կայացրել փաստերի ամբողջությունը մեկնաբանել հօգուտ ձեզ և տրամադրել նոր վարորդական իրավունքի վկայականներ»,–հայտնել է նախարարը։
Նրա խոսքով` օգոստոսի 17–ից Ղարաբաղից տեղահանված անձինք կարող են դիմել և ստանալ թվային կամ պլաստիկ վարորդական վկայական՝ առանց քննություն հանձնելու։