Հարգելի՛ առողջապահության նախարարություն, ինչպե՞ս է ծախսվում պետական բյուջեի գումարը․ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրել է.

 

«COP-17-ի շրջանակում շտապօգնության հերթապահության համար ՀՀ առողջապահության նախարարությունը տրամադրել է 15 միլիոն 912 հազար դրամ։

 

Եվ այսպես. 

 

Շտապօգնության բժիշկը 24-ժամյա մեկ հերթափոխի համար ստանում է մոտ 44.000 դրամ։

 

Բուժքույրը՝ մոտ 25.000 դրամ։

 

Վարորդը՝ մոտ 28.000 դրամ։

 

Երեք աշխատակցի 24-ժամյա հերթափոխի վարձատրությունը միասին՝ 97.000 դրամ։

 

Այսինքն՝ երեք աշխատակցի վարձատրությունը մեկ ժամի հաշվով կազմում է մոտ 4041 դրամ։

 

Իսկ COP-17-ի շրջանակում շտապօգնության բրիգադի մեկ ժամվա համար պետության հաշվարկով նախատեսվել է 17.000 դրամ, մոտ 4.2 անգամ ավելի։

 

Հիմա մի՛ շտապեք ասել՝ մեքենայի վառելիք կա, սարքավորումներ կան, այլ ծախսեր կան։ Իհարկե, կան, հենց դրա համար էլ հարցնում ենք՝ ի՞նչ է ներառված այդ 17.000 դրամի մեջ, և ո՞վ է կատարել հաշվարկը։

 

Բայց հարցերը սրանով չեն ավարտվում։

 

Ինչո՞ւ է հաշվարկը կատարվել 18 օրվա համար, եթե COP-17-ի հիմնական համաժողովը նախատեսված է հոկտեմբերի 19-30-ը։

 

Այո՛, կան նաև նախնական միջոցառումներ։ Այդ դեպքում ներկայացրե՛ք ամբողջ ժամանակացույցը և բացատրե՛ք, թե որ օրերի հերթապահության համար է նախատեսված գումարը։

 

Եվ ամենահետաքրքիրը․ ըստ կառավարության որոշման, հերթափոխը սկսել է աշխատել հոկտեմբերի 13-ից, մինչդեռ կառավարության որոշումն ընդունվել է հոկտեմբերի 15-ին։

 

Հայաստանում արդեն գործում է նոր կարգ՝ նախ ծառայությունը մատուցել, հետո որոշել՝ ինչպես և ինչի հիման վրա վճարել։

 

Հարգելի՛ առողջապահության նախարարություն, հարցը ոչ անգլերենի իմացությունն է, ոչ էլ միջազգային հյուրերի անվտանգությունը։ Հարցն այն է, թե ինչպես է հաշվարկվում և ծախսվում պետական բյուջեի գումարը։

 

Մեր շտապօգնության բժիշկը 24 ժամ աշխատում է 44.000 դրամի դիմաց։ Իսկ միջազգային միջոցառման ժամանակ նույն բրիգադի մեկ ժամվա ծառայության համար նախատեսվում է 17.000 դրամ։

 

Մնում է պարզել՝ 17.000 դրամի մեջ անգլերենի իմացության հավելավճա՞րն է այդքան բարձր…..

 

Հ.Գ. Պետական բյուջեն հանրային միջոցներ են։ Հետևաբար, 15.9 միլիոն դրամի յուրաքանչյուր հաշվարկ պետք է ունենա հստակ հիմնավորում»։

Leave a comment