Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ փոխնախարարները հանդիպում են ունեցել

Քաղաքականություն

14.08.2026 | 20:31

Օգոստոսի 14-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանը Կիև աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալ Օլեկսանդր Միշչենկոյի հետ, որի ընթացքում քննարկվել են քաղաքական երկխոսության ակտիվացման և տնտեսական կապերի ընդլայնման հարցերը։ Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ համագործակցության օրակարգին առնչվող հարցեր. մասնավորապես անդրադարձ է կատարվել քաղաքական երկխոսության ակտիվացման, տնտեսական կապերի ընդլայնման, բազմակողմ հարթակներում փոխգործակցության ամրապնդման հեռանկարներին: Երկուստեք արձանագրվել է վերջին շրջանում գրանցվող առևտրաշրջանառության աճի դրական դինամիկան։

Վահան Կոստանյանը և Օլեկսանդր Միշչենկոն կարևորել են միջմարդկային կապերի առավել սերտացմանն ուղղված ծրագրերի իրականացումը: Քննարկվել են հումանիտար բնույթի հարցեր:

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ՝ ընդգծելով կայուն և տևական խաղաղության առաջմղման կարևորությունը»,- ասվում է հաղորդագրությունում:

Leave a comment