Կոռուպցիայի ընկալման համաթիվն աշխարհում նվազել է մեկ միավորով․ 2024 թվականին այն 43-էր, 2025-ին դարձել է 42։ Այս ցանկում ութերորդ տարին անընդմեջ համաթվով առաջատարը Դանիան է, ապա՝ Ֆինլադիան եւ Սինգապուրը։ Վերջին տեղերում են Հարավային Սուդանը, Սոմալին։ Նախորդ տարիների համեմատ մեկ ոչ հաճելի միտում կա, որը վիճակագրորեն ամրագրվում է, դա այն է, որ ավանդաբար կոռուպցիայից մաքուր համարվող երկրներում կոռուպցիայի ընկալման համաթիվը սկսում է նվազել․ օրինակ, Շվեյցարիան, Նիդեռլանդները, ԱՄՆ-ը վերջին 5-6 տարիներին գալիս են իրենց պատմական նվազագույնին։
Այս տվյալներն այսօր ներկայացրեց Թրանսփարենսի Ինթերնեյշնլ կազմակերպության փորձագետ Վարուժան Հոկտանյանը՝ «Կոռուպցիայի ընկալման համաթիվ 2025․ գնահատականներ, մարտահրավերներ և լուծումներ» խորագրով քննարկման ժամանակ։ Ներկայացված տվյալներն արտահայտում են կոռուպցիայի ընկալման հանրային տրամադրությունները, գործարարների եւ փորձագետների ընկալումները։ Այս համաթվով չեն չափվում անօրինական ֆինանսական հոսքերը, մինչդեռ այդ շրջանառությունը հատկապես վերջին շրջանում մեծ է։ Ըստ վերջին տվյալների՝ ԱՄԷ-ն, որը մաքուր երկիր էր համարվում, դարձել է ապահով վայր՝ կեղտոտ փողերի լվացման համար։ Ամենավառ օրինակն Անգոլայի նախկին ղեկավարի՝ Դուրասանտուսի աղջկա գումարների լեգալացումն է։
Փաստորեն, ըստ Վարուժան Հոկտանյանի, նույնիսկ առաջատար երկրներում կոռուպցիայի ընկալումները, կոռուպցիայի հետ կապված հարցերն ավելի վատանում են, ընկալումները կորելացվում են կոռուպցիայի մակարդակի հետ, եւ սա նշանակում է, որ գործ ունենք հենց կոռուպցիայի հետ։
Ի դեպ, այն երկրներում, որտեղ կոռուպցիայի ընկալման համաթիվը 50-ից պակաս է, կոռուպցիան դառնում է կառավարման լուրջ խնդիր։
Համաշխարհային զարգացումներում Վարուժան Հոկտանկյանը դրական է համարում երիտասարդների ակտիվ պայքարը կոռուպցիայի դեմ, ինչը Անգոլայում եւ Նեպալում, օրինակ, հանգեցրեց իշխանափոխության։
2025 թվականին Հայաստանում կոռուպցիայի ընկալման համաթիվը կազմել է 46: Սա 2024-ի համեմատ մեկ միավոր պակաս է, 2024-ին համաթիվը 47 էր։ Այս ցուցանիշով Հայաստանը կիսում է 64-65-րդ տեղը մի քանի երկրների՝ Չեռնոգորիայի, Սենեգալի եւ եւս երկու երկրի հետ։ Նախորդ տարի 63-64-րդ տեղերն էր կիսում։ Այս ցանկում նախորդ տարի 180 երկիր էր ներառված, այս տարի՝ երկու երկիր ավելացել են՝ Ֆիջին եւ Բելիզը․ մեկը Հայաստանից մի փոքր ավելի է իր միավորով, մյուսը՝ պակաս։ Այս իմաստով, Վարուժան Հոկտանյանը կարծում է, որ Հայաստանի մասով շատ բան չի փոխվել, նույն մակարդակը պահպանվել է։
«Այդ նվազումն իրականում չափման սխալի սահմաններում է։ Կարելի է ասել՝ այս փոփոխությունը վիճակագրորեն նշանակալի չէ»,- ասաց բանախոսը՝ հիշեցնելով, որ 2023 թվականի նոյեմբերի 3-ից կառավարությունը հակակոռուպցիան ռազմավարություն է իրականացնում, ըստ որի, իբրեւ վերջնարդյունք կոռուպցիայի ընկալման ցուցանիշը Հայաստանում պետք է նվազեր 55-ի․ իսկ այդ վերջնարդյունքին մեկ տարի է մնացել, այդ փաստաթղթի իրականացման վերջնաժամկետը 2026-ի դեկտեմբերի 31-ն է։
«Այսպես ասած՝ «ստախանովյան» տեմպերով 46-ից փորձելու ենք հասնել 55-ի։ Նույնիսկ 2018, 2019 թվականներին, այդ հեղափոխական տարիներին այսպիսի տեմպեր չեն եղել։ Այնպես որ՝ այդ լճացումը երեւի թե ավելի մտահոգիչ է, քան այդ մեկ միավորի փոփոխությունը։ Եթե լճացման մասին մոռանում ենք, իրավիճակը կայուն է։ Դանիայում էլ կայուն է՝ ութերորդ տարի արդեն 88-89 է ցուցանիշը։ Աստված տա՝ մեզ մոտ էլ այդ թվերի վրա կայունություն լինի, ոչ թե այս»,- ասաց փորձագետը։
Հայաստանում համակարգային կոռուպցիա կա՞, թե՝ ոչ, այս հարցին փորձագետը հստակ չի պատասխանում, քանի որ նման հետեւություններ կարելի է անել միայն լուրջ հետազոտությունների արդյունքում, որոնք մեր երկրում երբեք չեն արվել։ Բայց վստահաբար ասում է՝ կա լուրջ խնդիր՝ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ ռիսկերը պահպանվում են։ Կառավարության հակակոռուպցիան ռազմավարության իրականացումից հասարակության ակտիվ խավերը կոռուպցիայի նվազեցման լուրջ էֆեկտներ չեն տեսնում։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: