Ղազինյան․ Չեմ խնդրելու ձեզ ինձ ընտրել (PAN.am)

Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Դավիթ Ղազինյանի թեկնածությունը։

«Չեմ խնդրելու ձեզ ինձ ընտրել, չեմ հորդորելու, պահանջելու, բայց ընտրվելու դեպքում պատրաստ եմ համագործակցել բոլորի հետ»,-ասել է նա:

Իր ելույթում Ղազինյանը ներկայացրել է տարածքային կառավարման և տրանսպորտի ոլորտների վերաբերյալ իր դիտարկումներն ու մտահոգությունները, հայտնում է Factor.am-ը:

Նա նշել է, որ, չնայած համայնքների թիվը 915-ից նվազել է մինչև 70-ի, բովանդակային փոփոխություն չի կատարվել։ Նա հատկապես մտահոգիչ է համարել վարչապետի կողմից համայնքների ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակելու գործելակերպը։

«Կենտրոնական իշխանության լծակների ընդլայնումը… լրջագույն հարցեր են առաջացնում տեղական ինքնավարության և ժողովրդավարության լեգիտիմության սկզբունքների տեսանկյունից»,-ասել է նա։

Անդրադառնալով ճանապարհաշինության ոլորտին՝ թեկնածուն ընդգծել է, որ այն չպետք է սահմանափակվի միայն ասֆալտապատման աշխատանքներով։ Նա հիշեցրել է, որ 2020 թվականից Հայաստանը շարունակում է մնալ ԵՄ ավիացիոն անվտանգության «սև ցուցակում», իսկ այդ խնդիրը մինչ այժմ չի լուծվել։

«Ճանապարհատրանսպորտային համակարգի կառավարումը ասֆալտի կառավարում չէ… Ճանապարհը չպետք է ավարտվի շինարարության ընդունման ակտով»,-ասել է նա:

Առանց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ձայների ընդդիմադիր ուժի առաջադրած հանձնաժողովի նախագահը չի կարող ընտրվել։ Խորհրդարանական մեծամասնությունը դեռ չի հայտնել՝ աջակցելու է ընդդիմության ներկայացրած թեկնածուներին, թե ոչ։

Խմբակցությունը նախագահի թեկնածուներ է ներկայացրել ինչպես Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի, այնպես էլ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների ղեկավարների պաշտոններում։ «Ուժեղ Հայաստանը» նախագահի թեկնածու առաջադրելու հնարավորություն է ունենալու նաև Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում։

Leave a comment