Բենզինը վերցրի, որ թեժացնեմ վառարանը… բոցը տվեց դեմքիս, սկսվեց դեմքս այրվել, շիշը ձեռքիցս ընկավ. Ազատի կացարանի հրդեհի գործով Եղիշե Հակոբյանն է մանրամասներ պատմում

«Մեղավոր եմ ճանաչում, որ վառարանը վառել եմ չթույլատրվող վառելանյութով, ինչի հետևանքով հրդեհ է առաջացել։ Սակայն զինվորների մահը չեմ ընդունում որպես հրդեհի հետ կապված հետևանք։ Չեմ կարող ասել, թե ինչի հետ է կապված նրանց մահը, քանի որ դա ինձ համար նույնպես գաղտնիք է»,- Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով դատական նիստում այսօր ասաց գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանը:

Նա պատմեց, որ դեպքի օրը Սոթքի զորամասում են եղել աշխատանքների։ Մանասերյան Տիգրանը խնդրել է փոխարինել իրեն որպես պատասխանատու՝ ասելով, որ տեղ է գնալու. «Համաձայնել եմ։

Ժամը 20:00-ի սահմաններում եկել ենք կացարան։ Մտել եմ ներս, քաղաքացիական անձինք էին, սուրճ էին խմում։ Տասը րոպե հետո գնացել են։ Մանասերյան Տիգրանն էլ է ներսում եղել։ Ընդհանուր խոսակցություն է բացվել Մանասերյանի և զինվորների միջև՝ վերակարգի հետ կապված։ Միջամտել եմ, ասել եմ՝ ոնց Մանասերյանն է ասում, այդպես պետք է լինի։ Անձնակազմն ուրիշին էր ուզում, Մանասերյանն այլ մարդու էր ուզում վերակարգ կարգել։ Այս հարցի շուրջ վիճաբանություն եղավ, ավարտվեց։ Ոչ մեկին չեմ պաշտպանել, բայց նշել եմ, որ Մանասերյանը, որպես սպա, ինքը պետք է որոշի»։

Հակոբյանի խոսքով, հետո քնելու ժամն է հայտարարվել ու արդեն

ժամը 23:00-ի սահմաններում շարժ չի նկատել։

Ըստ Հակոբյանի՝ զինվորները քնած էին, վառարանը հանգել էր։ Գնացել է պահեստ, մտել ճաշարան, պահեստ, որ վառելանյութ գտնի, փայտը կպցնի, թաց փայտը դրված էր վառարանի մեջ, բայց հանգել էր։

Մտել է ճաշարան, որտեղ Ռադիկ Մաթևոսյանը հեռախոսով խոսում էր,  հարցրել է՝ ինչով կարող է վառարանը կպցնել։ Ռադիկը նշել է բենզինի տեղը։ Հակոբյանի պատմելով՝ հեռախոսի լույսով մթին  գնացել, գտել է պլաստմասե տարաներով բենզինը։

Քանի որ այլ հարմար տարա չի եղել, որ մի քիչ լցներ ու ներս տաներ, 5 լիտրանոց տարան է հետը ներս տարել:

«5 լիտրանոց տարա էր, բայց կիսով չափ էր բենզինը մեջը, մոտ 3 լիտր կլիներ։ Հետո մեքենաների ձայներ եմ լսել։ Հարցրել եմ՝ ով է։ Լսել եմ Վաղինակի ու Արսեն Սողոմոնյանի ձայնը։ Հարցրել եմ՝ ինչ եք անում այդտեղ, եկեք ներս։ Ասել են՝ հեսա կգանք։ Ներս եմ մտել, Ռադիկը ներսում էր։ Ընթացքում եկել էր Լեոն Խառատյանը, ճաշարանից սուրճ էր բերում։

Ընթացքում սուրճ ենք խմել։ Ես բենզինը վերցրի, որ թեժացնեմ վառարանը։ Վերևի կափարիչը, որ փակեցի, զգացի՝ ծուխ է գալիս։ Կափարիչը բացեցի, բոցը տվեց դեմքիս, սկսվեց դեմքս այրվել, շիշը ձեռքիցս ընկավ։

Դեմքս որ վառված է եղել, հետ եմ քաշվել, կպել եմ դիվանին։ Տեսա, որ կրակը տարածվում է դրսի դռան մոտ։

Հետո  տեսա՝ Ռադիկն ու Լևոնը փորձում են կրակը ոտքով հանգցնել։

Հետո տեսել եմ՝ կրակ է, որն անընդհատ բարձրանում էր։ Մտել եմ զինանոց, կախիչ կար, որից միշտ ձմեռային համազգեստ էր կախված։ Չգտա: Հետո բուշլատ եմ վերցրել, փորձում էի հանգցնել կրակը։ Ոտքս էր վառվում, ոտքս եմ հանգցրել։ Լևոնն էլ ներս էր մտնում, էլի դուրս գալիս։

Մինչև Լևոնի դուրս գալը դրսում ձայներ եմ արդեն լսել՝ զինծառայողների ձայներ՝ գոռում էին «Տղերք, վեր կացեք, հրդեհ է»։

Հրդեհաշիջման միջոցներ եղել են հարցին՝ Եղիշեն պատասխանեց՝ չի տեսել։ Զինանոցում էլ չի տեսել։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment