Նազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքն է դադարեցվել Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբ. Դատախազություն

Հասարակություն

14.08.2026 | 15:09

Սևանա լճի ափամերձ տարածքում գտնվող 0.3 հա հողատարածքի նկատմամբ գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքը դադարեցվել է, իսկ տարածքը վերադարձվել է Հայաստանի Հանրապետության տիրապետմանը։ Այս մասին հայտնում է ՀՀ դատախազությունը։

Դատախազությունը 2026 թվականի մայիսի 12-ին հայտնել էր, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը միջնորդագիր էր հասցեագրել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին և Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարին՝ ՊՈԱԿ-ի և Նազիկ Ամիրյանի միջև 2007 թվականի դեկտեմբերի 26-ին կնքված՝ Սևանա լճի ափամերձ տարածքում գտնվող հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ։

Դատախազության միջնորդագրի կատարման արդյունքում՝ օգոստոսի 13-ին, Կադաստրի կոմիտեում դադարեցվել է Նազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքը։

Խոսքը Սևանա լճի ափամերձ տարածքում գտնվող 0.3 հա մակերեսով հողամասի մասին է, որի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 20 միլիոն 502 հազար դրամ։

Հողատարածքը վերադարձվել է Հայաստանի Հանրապետության տիրապետմանը։

Leave a comment