ԱԺ-ն քննարկում է տարածքային կառավարման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Դավիթ Ղազինյանի թեկնածության հարցը


ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն առաջադրեց Դավիթ Ղազինյանի թեկնածությունը: Նրան խորհրդարանում ներկայացրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը:


Դավիթ Ղազինյանը ծնվել է 1981 թվականին Երևանում: 2002-ին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավագետի մագիստրոսի աստիճան: 2002-ին ընդունվել է ԳԱԱ ասպիրանտուրա, նույն տարում զորակոչվել է բանակ: Պահեստազորի շարքային է:


2006 թվականից առանցքային պաշտոններ է զբաղեցրել ՀԷՑ-ում, եղել է տնօրենի տեղակալ, իրացման տնօրենի տեղակալ, ղեկավարել է «Մուսալեռ» մասնաճյուղը, իսկ 2025-ին եղել է վերջինիս գլխավոր տնօրենի պաշտոնակատարը:


Ամուսնացած է, ունի երկու երեխա:


Իր ելույթի ժամանակ Դավիթ Ղազինյանն ասաց, որ վերաիմաստավորման կարիք ունի մարզպետի և մարզպետի աշխատակազմի դերը: Մարզպետարանը պետք է վարչարար մարմնից վերածվի տարածքային զարգացման իրական կենտրոնի՝ համադրելով համայնքային, մարզային և պետական զարգացման ծրագրերը, ձևավորելով մարզի երկարաժամկետ առաջնահերթություններ և նպաստելով ներդրումների ներգրավմանը:


«Հայաստանում պետք է ճանապարհաշինարությունից անցում կատարել ճանապարհային ենթակառուցվածքների ամբողջական կառավարման մոդելի: Ճանապարհը չպետք է ավարտվի շինարարության ընդունման ակտով, յուրաքանչյուր ճանապարհ պետք է ունենա իր ամբողջ կենսացիկլի համար ամբողջական կառավարում»,- ասաց նա՝ այս համատեքստում կարևորելով նաև Երևանի ճանապարհների բեռնաթափման անհրաժեշտությունը:

Leave a comment