«Աշնանը կմեկնարկենք կենսաչափական նոր՝ անձը հաստատող փաստաթղթերի տպագրությունը և տրամադրումը մեր քաղաքացիներին: Խոսքը ոչ միայն կենսաչափական անձնագրի և կենսաչափական նույնականացման քարտի մասին է, այլ գրեթե բոլոր տեսակի անձը հաստատող փաստաթղթերի, այդ թվում՝ փախստականին տրամադրվող՝ ինչպես նույնականացման քարտի, այնպես էլ կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի, քաղաքացիություն չունեցող անձանց կացության կարգավիճակները ևս պլաստիկ քարտի՝ ID քարտի տեսքով, կենսաչափական փաստաթղթեր են լինելու և այլն»,- ՆԳՆ-ում կայացած ասուլիսի ժամանակ նշեց Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը:
Նրա խոսքով՝ գործելու են 14 գրասենյակներ՝ մասնավորի կողմից բացված: «Միտում ունենք նոր ձևաչափով հանրային ծառայությունների մատուցման նոր նշաձող սահմանել մեր երկրում և կոտրել այն կարծրատիպը, թե անձնագրային ծառայությունների մատուցման որակը ցածր է, պայմանները և ենթակառուցվածքը հնամաշ են: Մենք մոտավորապես երկու ամիսից թռիչքաձև նորարարություն և ներդրումներ ցույց կտանք»,- հավելեց նա:
«Եթե մեր կենսաչափական անձնագրերը, որոնք տրամադրվեցին մինչև 24 թվականի սկիզբ, արժեին 25,000 դրամ, ապա նոր կենսաչափական փաստաթուղթը, որը միանգամայն մրցունակ է աշխարհում իր անվտանգային բաղադրիչներով և համապատասխանում է ԵՄ այս պահին գործող ամենաբարձր չափանիշներին, արժենալու է 28.650 դրամ, իսկ նույնականացման քարտը՝ 5.950 դրամ: Անձնագիրը տրամադրվելու է 10 տարի ժամկետով, նույնականացման քարտը՝ 5»,- մանրամասնեց Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը:
Ընդգծեց, որ նոր կարգավորումներով՝ անձնագիր ստանալու համար քաղաքացին պարտադիր պետք է ունենա նույնականացման քարտ, հատկապես որ նոյեմբերի 1-ից 16 տարին լրանալուց հետո ID քարտ ունենալը դառնում է պարտադիր: Մինչև 16 տարեկան երեխաները կարող են ID քարտ ստանալ ծնողի ցանկությամբ։
Ասուլիսն ամբողջությամբ.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: