ՔՊ-ն Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Թունյանին (PAN.am)

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Բաբկեն Թունյանը, որի կենսագրությունը ներկայացրել է ՔՊ խմբակցության անդամ Լիլիթ Մինասյանը։

Թունյանն իր ելույթում ասել է, որ առաջիկայում բազմաթիվ անելիքներ կան և առաջարկել է խորհրդարանում ստեղծել բիզնեսի խնդիրներին արձագանքող խումբ, հայտնում է Արմենպրեսը:

«Մտածում եմ, որ Ազգային ժողովում պետք է ստեղծենք բիզնեսի խնդիրներին արձագանքման խումբ։ Իհարկե, այստեղ կարողությունների խնդիր կա, բայց կարծում եմ՝ դա լուծելի հարց է։ Մարդու իրավունքների պաշտպանի հետ այս հարցը քննարկելու ենք և կարող ենք շատ արդյունավետ համագործակցել»,- ասել է Թունյանը։

Նա կարևորել է նաև խորհրդարանի վերլուծական կարողությունների ընդլայնումը՝ առաջարկելով ԱԺ բյուջեի շրջանակում ստեղծել առանձին ֆոնդ, որի միջոցները կարող են արտապատվիրակմամբ ուղղվել տնտեսական հետազոտությունների իրականացմանը։

«Խորհրդարանական երկրում խորհրդարանը պետք է շատ ավելի մեծ ռեսուրսներ ունենա։ Գաղափարներից մեկն այն է, որ Ազգային ժողովն իր ամենամյա հաստատված բյուջեից բացի, ունենա որոշակի ֆոնդ, որը կարող է ուղղվել տնտեսական բնույթի հետազոտությունների անցկացմանը»,- նշել է թեկնածուն։

Թունյանն իր առաջնահերթությունների թվում ընդգծել է նաև գործարար միությունների և բուհական համայնքի հետ համագործակցության ակտիվացումը, արդեն ընդունված օրենքների արդյունավետության հետօրենսդրական մշտադիտարկումը և ընդունվող փոփոխությունների վերաբերյալ հանրության պատշաճ իրազեկումը։

Նրա խոսքով՝ հաճախ քաղաքացիները խորհրդարանում ընդունված փոփոխությունների մասին տեղեկանում են միայն այն ժամանակ, երբ դրանք արդեն ուժի մեջ են մտնում և անմիջականորեն ազդում իրենց կյանքի կամ ֆինանսական վիճակի վրա։

Ըստ Դոնթի բանաձևով հաշվարկված գործակցի՝ ԱԺ 12 հանձնաժողովներից 8-ի նախագահներին կառաջադրի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, 3-ինը՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը, 1-ինը՝ «Հայաստան» խմբակցությունը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախագահներ առաջադրելու համար ընտրել է Պաշտպանության և անվտանգության հարցերի, Պետաիրավական հարցերի, Արտաքին հարաբերությունների, Տնտեսական հարցերի, Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի, Առողջապահության հարցերի, Աշխատանքի և բարեկեցության հարցերի և Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովները:

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունն ընտրել է Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի, Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովները: «Հայաստան» խմբակցությունն ընտրել է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովը:

Leave a comment