Կիևյան կամրջի անվտանգ շահագործումն ապահովելուն և ենթակառուցվածքները բարելավելուն ուղղված աշխատանքներն ավարտվել են նախատեսված ժամկետից 2 շաբաթ շուտ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
Ամբողջությամբ վերանորոգվել են կամրջի երթևեկելի և հետիոտնային հատվածները, նորերով են փոխարինվել դեֆորմացիոն կարերն ու ջրահեռացման համակարգը։ Կատարվել են նաև ջրամեկուսացման աշխատանքներ, իսկ լուսավորության համար նախատեսված մալուխներն անցկացվել են ստորգետնյա տարբերակով։
Մինչև տարեվերջ շարունակվելու են կամրջի թռիչքային կամարի և հենարանների վնասված հատվածներն ամրացնելու ու վերականգնելու աշխատանքները։ Դրանք իրականացվելու են այնպես, որ երթևեկության համար խոչընդոտներ չստեղծվեն։