Առաջին բանը, որ պետք է անենք, նախ՝ վերլուծելն է նախորդ շրջանի աշխատանքը․ Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել Ալեն Սիմոնյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանին։

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Արմեն Գրիգորյանին՝ ԱԽ քարտուղարի պաշտոնում գործունեության համար և նշել, որ այս ողջ ընթացքում ամբողջ ծավալով նա ներգրավված է եղել անվտանգության ոլորտի հետ կապված օրակարգում, այդ թվում՝ խաղաղության հաստատման գործընթացում. «Պարոն Գրիգորյանն ունի շատ էական ներդրում այդ ոլորտում մեր ունեցած ձեռքբերումների հարցում, և դա շատ գնահատելի է»։

Նիկոլ Փաշինյանը հաջողություններ է մաղթել ԱԽ նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանին և նշել. «Պարոն Սիմոնյանն էլ է ներգրավված եղել նախորդող շրջանում մեր կարևոր և ռազմավարական որոշումների կայացման գործում։ Կարծում եմ, նաև լինելով ԱԺ նախագահ, աշխատանքային տեղեկատվության պակաս չունի և կարող է միանգամից անցնել Անվտանգության խորհրդի քարտուղարի արդյունավետ գործունեությանը»։

Արմեն Գրիգորյանը  շնորհակալություն է հայտնել ԱԽ գրասենյակի թիմին համատեղ կատարված աշխատանքի համար՝ ընդգծելով, որ վերջինս մեծ ներդրում է ունեցել խորհրդի հաջող աշխատանքում։ Արմեն Գրիգորյանը շնորհավորել է նաև Ալեն Սիմոնյանին և հաջողություններ մաղթել։

Ալեն Սիմոնյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ վստահության և Արմեն  Գրիգորյանին՝ կատարված աշխատանքի համար։ Դիմելով աշխատակազմին՝ Ալեն Սիմոնյանը նշել է․«Կարծում եմ, որ կկարողանանք միասին աշխատել՝ անկախ այն բանից,  ինչպես վարչապետն ասաց, որ տեղյակ եմ և մասնակցել եմ գործընթացներին։ Կարծում եմ՝ պետք է ինձ օգնեք մտնել աշխատանքային գործընթացի մեջ ավելի խորը և հուսով եմ՝ կկարողանանք իրար հետ աշխատել»։

Վարչապետը  հաջողություն է  մաղթել ներկաներին առաջիկա գործունեության մեջ՝ միաժամանակ ընդգծելով նախորդող շրջանում կատարված կարևոր աշխատանքը։ «Առաջիկայում նույնպես նույնքան մեծ և կարևոր աշխատանք պիտի կատարվի։ Կարծում եմ, առաջին բանը, որ պետք է անենք, նախ՝ վերլուծելն է նախորդ շրջանի աշխատանքը և որոշելն այն առաջնահերթությունները, որոնց վրա Անվտանգության խորհրդի գրասենյակը և ԱԽ քարտուղարն առաջիկայում պետք է կենտրոնանան։ Ես դրա վերաբերյալ ունեմ կոնկրետ պատկերացումներ։ Ունեմ կոնկրետ խնդիրներ առաջադրելու ԱԽ քարտուղարին և գրասենյակին։ Առաջիկայում մենք այդ թեմայով քննարկումներ կունենանք, և ես կտամ անհրաժեշտ հանձնարարականներ»։

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment