«Կաթոլիկներիս բարոյական պարտականությունն է համերաշխություն ցուցաբերել Հռոմի 4 քահանայապետերի ընկերոջը՝ Գարեգին Բ-ին». «Ազգ»

Գերմանալեզու լրատվամիջոցները՝ «Շպիգելը», n-tv-ին, t-online-ը, բնականաբար կաթոլիկական առցանց ԶԼՄ-ները (kath.ch, kath.net, katholisch.de եւ այլն) օգոստոսի 7-ին եւ հետագա օրերին անդրադարձան օգոստոսի 7-ին Վաղարշապատի դատարանում Գարեգին Բ-ի եւ 6 այլ եպիսկոպոսների դատավարությանը՝ որակելով այն հայոց եկեղեցու պատմության մեջ «աննախադեպ»։ Domradio-ն վերնագիր էր դարձրել կաթողիկոսի հանդեպ հայ ժողովրդի մեծ հատվածի վերաբերմունքը՝ «Ծափահարություն դատարանի բակում», իսկ մյուս լրատվամիջոցները դատավարության փաստն էին ընդգծել վերնագրում, ինչպես նաեւ շեշտել «արեւմտամետ կառավարության» եւ կաթողիկոսի լարված հարաբերությունների գլխավոր պատճառը «ՌԴամերձ, Պուտինի ազդեցությամբ գործող ընդդիմությանը սատարելու» հանգամանքն է (նաեւ)։ Տեղի սղության պատճառով չենք անդրադառնա վերոհիշյալ հրապարակումներին, սակայն ծանուցենք, որ գերմանացի մի շարք իրավաբաններ ուշադիր հետեւում են դատավարությանը. ՀՀ-ում չկա եկեղեցական հարցերով մասնագիտացած դատարան, եւ սա եվրոպական, միջազգային, մարդու իրավունքներով զբաղվող իրավաբանների համար հետաքրքիր է։

kath.net-ում դատավարությանն անդրադարձավ եկեղեցական, քրիստոնեկան թեմաներով  մասնագիտացած հեղինակ Միշայել Հեզեմանը (Michael Hesemann)։ «Հայաստանի կաթողիկոս Գարեգին Բ-ը մեղադրվում է հերձվածող եպիսկոպոսին չվերականգնելու համար» վերնագրով, «Աշխարհի տարբեր ծայրերից քրիստոնյաները համերաշխություն են հայտնում» ենթավերնագրով ծավալուն հոդվածում Հեզեմանը նախ շարադրում է 301-ին քրիստոնեությունն առաջինը պետական կրոն ընդունած հայ ժողովրդի ողբերգության էջերով, նահատակություններով լի պատմությունը եւ նշում, թե «ԽՍՀՄ փլուզումից հետո 1991-ին ՀՀ հռչակումը երկարատեւ տառապանքների ենթարկված ազգի եւ նրա 17 դարյա եկեղեցու համար դարձավ խաղաղության, ինքնորոշման, ինքնության եւ խորապես արմատացած հավատի վերականգման ժամանակաշրջան։ Հայաստանն այժմ իր ամենամեծ մարտահրավերներից մեկի առջեւ է», գրում է Հեզեմանը՝ հիմնավորելով՝«մինչ օրս հայ ազգի ներքին միասնությունն ու իմաստալից հավատն է եղել, որ ուժ է տվել դիմակայելու ողբերգական ճակատագրին, նույնիսկ 1915-1918-ի ցեղասպանությանը։ Այժմ ականատես ենք Հայաստանի դրամատիկ պատմության՝ հնարավոր է ամենամեծ ճգնաժամին, որ միաժամանակ ուղիղ հարձակում է նրա միասնության, ինքնության վրա։ Այս անգամ թշնամին ներսից է, արդեն հաջողությամբ պառակտել է հայ ժողովրդին, հիմա սկսում է բաժանել նրանց արմատից, քրիստոնեական ինքնությունից։ Պառակտողին չի մտահոգում այն հանգամանքը, որ Հայաստանի սահմանադրությունը փաստացի կասեցվում է այս գործընթացում», գրում է գերմանացի հեղինակը եւ հավելում՝ «նա եւս 5 տարով ապահովեց վարչապետի պաշտոնը ընտրությունների միջոցով, որ բազմաթիվ դիտորդներ մանիպուլացված են համարում»։

Հեզեմանը ներկայացնում է կաթողիկոսի դեմ ելած Նիկոլ Փաշինյանին՝ որպես «ժողովրդական տրիբունի, որ լրագրող, սոցիալական կոնվենցիաների հակառակորդ լինելով, գիտեր երկրի վերնաընտրախավի դեմ տրամադրություն բորբոքելու կերպը, 2018-ին իրականացրեց Թավշյա հեղափոխությունը՝ ֆինանսական աջակցություն ստանալով ԱՄՆ-ից, ԵՄ-ից, Սորոսի հիմնադրամից՝ նպատակ ունենալով ռուսամետ կառավարության տապալումից հետո այն փոխարինել արեւմտամետով։ «Երբ Ադրբեջանը սկսեց պատերազմը ԼՂ-ի դեմ, Փաշինյանը սկզբում կտրուկ հայտարարություններ արեց, հետո, երբ Վաշինգտոնից մինչեւ Մոսկվա նախկին եւ նոր դաշնակիցներն օտարվեցին, նահանջեց։ 2023-ին Ադրբեջանը գրավեց ԼՂ անկլավը, վտարեց 150 000 հայերին, ոչնչացրեց նրանց մշակութային ժառանգությունը, 5000 տարվա մասունքներ։ 1915-18-ի ցեղասպանությունը կրկնվում էր, աշխարհը լռում էր, քանի որ ՀՀ վարչապետը նույնպես լռում էր։ Պատմական զուգահեռների վերաբերյալ Փաշինյանը նույնիսկ հերքեց, որ Օսմանյան կայսրությունում 1,5 միլիոնի համակարգված սպանդը ցեղասպանություն էր, փաստ, որ 34 երկիր ճանաչել է։ Հետեւաբար նրան մեղադրեցին թուրքական եւ ադրբեջանական դիրքորոշումներ որդեգրելու, հայ ժողովրդի, նրա ճակատագրի պատմականության շահերին դավաճանելու մեջ»։ Ամենայն հայոց կաթողիկոսը չլռեց, գրում է Միշայել Հեզեմանը, ներկայացնում Գարեգին Երկրորդի համառոտ կենսագրականը՝ 1975-ին Բոննում աստվածաբանություն է սովորել, 3 տարի ղեկավարել Քյոլնի հայ համայնքը, նկատելով սա «մի փորձառություն, որ շարունակում է ձեւավորել հոգեւոր հորը»։ «Երբ 1999-ին 48 տարեկանում ընտրվեց Ամենայն հայոց 132-րդ կաթողիկոս, կենտրոնացավ էկումենիկ երկխոսության վրա, հատկապես՝ Հռոմի հետ։ Հովհաննես Պողոս Երկրորդը՝ 2001-ին, Ֆրանցիսկոսը՝ 2016-ին այցելել են Հայաստան, Բենեդիկտոս 16-երորդի հետ բարեկամական հարաբերությունը պահպանվել է, իսկ Հռոմի պապ Լեւոն 14-երորդին երկու անգամ հյուրընկալվել է։ Երբ Գարեգին Բ-ն դատապարտեց Արցախում մշակութային ցեղասպանությունը, լռելու համար քննադատեց Փաշինյանին, վերջինս հետզհետե բռնապետական վարքն ընդգծելով, քննադատեց կաթողիկոսին»։

Հեզեմանը ծանուցում է, որ աշխարհի տարբեր անկյուններից արձագանք եղավ՝ եկեղեցու հարցերին միջամտելու վրդովմունքի հետ համերաշխություն հայտնեցին Գարեգին Բ-ին։ Հռոմի պապ Լեւոն 14-րդը մտահոգված է ՀՀ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Հայ առաքելական եկեղեցու պատրիարքները դատապարտեցին կաթողիկոսի «քաղաքական հետապնդումը»՝ իրենց լիակատար համերաշխությունը հայտնելով։ Ասորի ուղղափառ պատրիարք Իգնատիոս Ռեփհայիմ Երկրորդը նույնպես համերաշխություն հայտնեց Գարեգին Երկրորդին։ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար Ջերրի Փիլլեյը քննադատեց Փաշինյանի «հարձակումը կրոնական ազատության, պաշտամունքի սրբության եւ կրոնական հաստատությունների ինքնավարության վրա»։ Հեզեմանն իր հոդվածում անդրադառնում է նաեւ Բադեն Վյութեմբերգի հայ համայնքի հոգեւոր հովիվ Տիրատուր Սարդարյանի ֆբ գրառմանը՝ այն որակելով «կատարյալ ամփոփում»։ «ՀՀ կառավարությունն ամեն օր ավելի ու ավելի է հեռանում ժողովրդավարությունից։ Այն դատարանը, որ հստակորեն ծառայում է կառավարության նպատակներին, ոչ թե օրենքի գերակայությանը, իշխանության ապահովման գործիք է։ Այն կառավարությունը, որ հրապարակավ նվաստացնում է ժողովրդի կրոնական ներկայացուցչին, նրան դատարանի առջեւ կանգնեցնում, չի հաղթի իրավական պայքարում։ Նա խաթարում է սեփական լեգիտիմությունը։ Այն իշխանությունը, որն ինքնիրեն չի սահմանափակում, ի վերջո կորցնում է այն իշխանությունը, որի անունից գործում է», գրել էր Սարդարյանը։ Հեզեմանը նշում է նաեւ հայկական սփյուռքի կազմակերպությունների մասին, որ աշխարհի տարբեր երկրներից «լիակատար եւ անվերապահ աջակցություն» էին հայտնել Ամենայն հայոց կաթողիկոսին։ Դատավարությանն անդրադառնալով գերմանացի հեղինակն այն «ամոթի օր» է որակում։ «Գարեգին Բ-ն եւ մեղադրվող 6 եպիսկոպոսները ներկայացան նիստին, որ րոպեներ տեւեց։ Գործը քննող դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ հայտնեց։ Դատավարությունը հետաձգվել է, դեռեւս անորոշ է ամսաթիվը»։ Հեզեմանը նկարագրում է, որ դատարանի բակում կաթողիկոսին երգով, ջերմորեն են դիմավորել հազարավոր բարեպաշտ հայեր, ընդդիմադիր քաղաքական գործիչներ։ «Առավել ամոթալի է արեւմտյան քաղաքական գործիչների լռությունը։ Տնտեսական եւ քաղաքական շահերը կարծես աչք ու ականջ փակում են։ Ով հավաքական արեւմուտքի ռազմավարական գործընկեր է համարվում, ըստ երեւույթին արտոնություն է ստանում անել այն, ինչը հակառակորդի պարագայում կդատապարտվեր։ Սակայն միայն քաղաքական նպատակահարմարության վրա հիմնված իրավունքն այլեւս ոչ թե իրավունք է, այլ իշխանության գործիք։ Յուրաքանչյուր բարեխիղճ քրիստոնյա պիտի ճանաչի անարդարությունը, որտեղ էլ դա լինի։ Այդ պատճառով նաեւ կաթոլիկներիս բարոյական պարտականությունն է համերաշխություն ցուցաբերել Հռոմի 4 քահանայապետերի ընկերոջը՝ Գարեգին Բ-ին», հոդվածն այսպես է եզրափակում Միշայել Հեզեմանը։

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment