Հասարակություն
14.08.2026 | 09:35
Հուլիսի 23-ին Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները Քննչական կոմիտեի գործընկերների հետ համատեղ բացահայտել և վնասազերծել են հանցավոր խմբի գործունեություն։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։
Իրավապահները, ստացված օպերատիվ տվյալների հիման վրա, իրականացրել են անակնկալ խուզարկություններ, որոնց ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են նախաքննության համար էական նշանակություն ունեցող ապացուցողական տեղեկություններ։
Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ հանցավոր խմբի անդամները ներկայանալով որպես ԱՄՆ-ում բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների աշխատակիցներ՝ կարողացել են ձեռք բերել տնտեսվարողների վստահությունը։ Այնուհետև նրանք ուղեբեռները տեղափոխել են նախատեսված վայրից այլ հասցեներ՝ հետագայում դրանք հափշտակելու նպատակով։
Հափշտակված ուղեբեռը, ըստ նախնական տվյալների, հետագայում վաճառվել է, իսկ ստացված ֆինանսական միջոցները փոխանցվել են հանցավոր կազմակերպության անդամների հաշվեհամարներին։
Իրավապահների հաղորդմամբ՝ ստացված գումարները նաև փոխակերպվել են տարբեր կրիպտոակտիվների՝ ֆինանսական միջոցների հետքը թաքցնելու և դրանք շրջանառելու նպատակով։
Փաստի առթիվ իրականացվում է նախաքննություն։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ միջոցառումներ՝ հանցավոր խմբի անդամների ամբողջ շրջանակը, նրանց գործողությունների ծավալը և հնարավոր այլ դրվագներ պարզելու ուղղությամբ։