ԱԺ նստաշրջանում առաջին ընթերցմամբ քննարկվեց Հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը (լուսանկարում) ասաց, որ նախատեսվոմ է ուժը կորցրած ճանաչել Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի մեկի երկրորդ մասը, որով սահմանված է, որ պետությանը եւ համայնքային սեփականությանը պատկանող հողմասերը սեփականության իրավունքով անհատույց կարող են տրամադրվել Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն։
«Նախագծի ընդունման անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ ներկայումս պետությունը քաղաքականություն է իրականացնում, որն ուղղված է պետության եւ համայնքային սեփականություն հանդիսացող գույքի նպատակային իրագործմանը։ Տարընկալումներից խուսափելու նպատակով ուզում եմ հստակ արձանագրենք, որ սա տարածվելու է միայն օրենքի ընդունումից հետո ծագող իրավահարաբերությունների վրա, եւ մինչ օրենքի ընդունվելը սեփականության իրավունքով անհատույց փոխանցված հողամասերը շարունակելու են սեփականության իրավունքով մնալ եկեղեցունը»,- նշեց փոխնախարարը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարցրեց․ «Կարո՞ղ եք ասել՝ մինչ այժմ քանի դեպք է եղել, որ Մայր Աթոռն իրեն տրամադրած հողակտորն օգտագործել է ոչ նպատակային»։ Ասատուր Վարդանյանն ի պատասխան ասաց, որ նման օրինակ կա։ «Օրինակ՝ Վանաձորում նմանատիպ դեպք ունենք, երբ սեփականության իրավունքով փոխանցվել է, բայց նպատակային չի օգտագործվել»,- նշեց նա։
«Կասե՞ք, կոնկրետ Վանաձորում ի՞նչ է եղել եւ ե՞րբ է եղել։ Չի՞ օգտագործվել, թե՞ ըստ նպատակային նշանակության չի օգտագործվել։ Մենք այս երկրում որ քայլում ենք, տեսնում ենք լիքը հողեր, որոնք նպատակային չեն օգտագործվում։ Գյուղատնտեսական նշանակության հող, որը չի օգտագործվում, ՀՀ վարելահողերի մոտ 50 տոկոսը չի օգտագործվում։ Կարծում եմ՝ դա շատ ավելի հրատապ օրինակ է, այդ հարցով մի բան արեք, որ Ղազախստանից եկած 4-րդ կարգի ցորենի հույսին չմնար կառավարությունը»,- ասաց Արթուր Խաչատրյանը։
Փոխնախարարը նշեց, որ Վանաձորում հողատարածքը հատկացված է եղել Գուգարաց թեմին՝ շինության համար, որը չի օգտագործվել։
Արթուր Խաչատրյանն իր ելույթում ասաց․ «Ո՞ւմ եք այստեղ մանկապարտեզի երեխայի տեղ դրել, մեկ էլ հանկարծ նպատակային նշանակությունը դարձավ էդքան կարեւոր մեկ եզակի օրինակով։ Թե՞ դա եկեղեցական արշավի հերթական դրսեւորումներից մեկն է։ Փոխնախարար եք, եկել եք, օրենք եք զեկուցում»։
ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանն ասաց․ «Այս նախագիծը եկեղեցուն սեփականություն ունենալու իրավունքից չի զրկում։ Եկեղեցին, եթե սեփականության իրավունքով հող ձեռք բերելու ցանկություն եւ հնարավորություն ունենա, այս նախագիծը դրան չի խանգարում։ Նախագիծն ընդամենը անհատույց տալու իրավունք էլի վերապահում է, բայց ոչ սեփականության իրավունքով»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: