ՀՀ իշխանությունները նորից ստում են, և նորից` Հայաստանի համար ճակատագրական հարցում. Լևոն Զուրաբյան

Գեներալ-մայոր Յահյա Ռահիմ Սաֆավին, որը զբաղեցնում է Իրանի Իսլամական հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի զինված ուժերի գործերով գլխավոր օգնականի և ավագ խորհրդականի պաշտոնը, կարևորագույն հայտարարություն է արել TRIPP-ի վերաբերյալ: Նա, ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ։

Հերքելով ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընտրվելիք նախագահ ՔՊ-ական Սարգիս Խանդանյանի հայտարարությունները, նա հայտարարել է.

«Մենք Հայաստանի հետ ոչ մի նախնական պայմանավորվածություն TRIPP-ի վերաբերյալ չունենք: Այդ հարցով չունենք ոչ մի իրական փոխըմբռնում, ոչ էլ հատման ընդհանուր կետ։

Մենք բացահայտ և հստակ կերպով Հայաստանի ուշադրությանն ենք ներկայացրել մեր կարմիր գծերը։ Հետևաբար, Հայաստանի խորհրդարանի պատգամավորի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։

Մյուս կողմից, եթե մենք դեմ ենք ԱՄՆ-ի ներկայությանը Պարսից ծոցում, ապա ինչո՞ւ պետք է աջակցենք նրանց ներկայությանը Հարավային Կովկասում։ Մենք տարածաշրջանը և մեր սահմանների անվտանգությունը դիտարկում ենք որպես մեկ միասնական ամբողջություն։ Ուստի, այս նախագիծն իր ներկայիս ձևաչափով սպառնալիք է ներկայացնում Իրանի համար։

Մենք շարունակում ենք բանակցությունները Հայաստանի հետ։ Այդուհանդերձ, եթե այնտեղ անվտանգության պատասխանատվությունը փոխանցվի ԱՄՆ զինվորականներին, Իրանն իրեն իրավունք է վերապահում դիմել պատասխան քայլերի և ունակ է ձեռնարկել համապատասխան միջոցներ»։

Հայ Ազգային Կոնգրեսը վաղուց է զգուշացրել, որ TRIPP-ի իրականացումը այն ձևով, որ որդեգրել են Հայաստանի իշխանությունները, իրականում աշխարհաքաղաքական ռումբ է, որ դրված է Հայաստանի տակ և առաջարկել TRIPP+BRICS այլընտրանքային նախագծի իրականացումը՝ որպես Հայաստանի անվտանգության իրական երաշխիք։

Սա հատկապես կարևոր է, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, որը շատ լուրջ փորձագետների կողմից գնահատվում է որպես Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ի ստրատեգիական պարտություն։

Այստեղ ամենասարսափելին այն է, որ Հայաստանի իշխանությունները փաստորեն նորից ստում են սեփական ժողովրդի առաջ՝ փորձելով թաքցնել բացառապես իշխանության պահպանման նպատակով իրագործվող արկածախնդրությունը, որը կարող է նոր ճակատագրական աղետների բերել Հայաստանն ու հայ ժողովրդին։

Այդպես եղել է 2020 թվականի պատերազմից առաջ, այդպես եղել է 2023 թվականին՝ Արցախը հայաթափելուց առաջ, այդպես է նաև հիմա։

Ազգային Ժողովում պաշտոններ բաժանող պետական այրերին այս հարցերը, սակայն, հետաքրքիր չեն, ինչպես անցյալում։

 

Լևոն Զուրաբյան
ՀԱԿ փոխնախագահ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment