Տոն, որ փողոց էր հանել Գյումրու գրեթե բոլոր երիտասարդներին ու շիրակցի պաշտոնյաներին․ ինչպես նշեցին երիտասարդների միջազգային օրը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հռչակված երիտասարդների տոնը՝ օգոստոսի 12-ը, Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ նշվել է Գյումրիում՝ 2015 թվականին՝ 12 տարի առաջ ու վերածվել ավանդույթի։

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության շնորհիվ այն այժմ ոչ միայն նշվում է Գյումրիում, այլ հանրապետության տարբեր քաղաքներում՝ Արթիկում, Վաղարշապատում, Գավառում, Արմավիրում, իսկ Կապանը այս տարի հռչակվել է Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք։

«Տարբեր միջավայրեր, ընդհանուր ձգտումներ» խորագիրը կրող միջոցառումները տանից դուրս էին հանել քաղաքի գրեթե ողջ բնակչությանը՝ նրանց տեղափոխելով Գյումրու պատմական, կոլորիտային Աբովյան ճեմափողոց, որտեղ խորհրդանշական մեծ պատի վրա ամեն մեկը իր երազանքը փակցրեց ու միացավ «Ձգտումների խճանկարին»՝ փազլին։

Մեկը երազում էր լավ կրթություն, մյուսը՝ ծաղկող, անվտանգ հայրենիք, երրորդը՝ հիփոթեքով ձեռք բերված բնակարանի վարկի արագ մարում, չորրորդը՝ ընտանիքի անդամների համար բարեկեցիկ կյանք և այսպես շարունակ։

Նկատելի էր, թե ինչպես Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը մեծ հետաքրքրությամբ ընթերցում էր երիտասարդների գրառումները ու քննարկում մարզպետի աշխատակազմի՝ իրեն ուղեկցող մյուս պաշտոնյաների հետ։ Իհարկե, նա ևս միացավ երազանքների խճանկարին՝ փակցնելով իր ցանկությունը։

Տոնն ավարտվեց համերգային ծրագրով, այն լիարժեք դարձրեցին «DJ Sianna»-ն ու սիրված երգիչ Էրիկ Կարապետյանը՝ նոր շունչ ու գույն հաղորդելով օրվա խորհրդին, գյումրեցիներին հարկադրելով երգել սիրված երգերը։

Նկատենք, որ համացանցը, այսպես ասած, պայթում էր Էրիկ Կարապետյանի ելույթի տեսանյութերով, ներկաներից շատերը ուղիղ եթեր էին մտել կամ հրապարակել իրենց սիրած երգի կատարումը։

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը, շնորհավորելով հավաքվածներին տոնի առթիվ, ասաց․ «Ինձ համար շատ հաճելի է տեսնել, թե ինչպես տարիներ շարունակ այս միջոցառումը դառնում է Գյումրու երիտասարդության ամենասպասված ավանդույթներից մեկը․ արդեն 12 տարի է՝ 2015 թվականից «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» նախաձեռնությամբ կազմակերպում ենք այս տոնը։

Ամեն տարի միջոցառումն ունի հստակ խորագիր, այս տարվա խորագիրը կոչվում է՝ «Տարբեր միջավայրեր, ընդհանուր ձգտումներ»։

Կարծում եմ՝ սա շատ կարևոր ու հիշարժան է նրանով, որ չնայած երիտասարդները տարբեր միջավայրերից են, ունեն տարբեր հնարավորություններ ու փորձառություններ, այնուամենայնիվ ձգտումը մեկն է՝ կրթվել, զարգանալ և ունենալ բարեկեցիկ կյանք։

Եվ սա մեր կազմակերպության կարևոր առաքելություններից է, ընձեռել հնարավորություններ երիտասարդներին՝ զարգացման, կայացման և իրենց ապագան կերտելու համար։

Ուրախ եմ, որ ամենամյա տոնը համախմբում է ոչ միայն գյումրեցի, այլ Շիրակի ու Շիրակի մարզից դուրս տարբեր բնագավառների երիտասարդներին։

Սիրելի՛ երիտասարդներ, անկախ մեր տարբեր միջավայրերից, թող որ ունենանք ընդհանուր ձգտումներ՝ կերտելու այնպիսի Գյումրի, այնպիսի Հայաստան, որտեղ յուրաքանչյուր երիտասարդ երջանիկ կապրի, կստեղծագործի և կստեղծի իր երազած ապագան»։

Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանն էլ իր ելույթում ասաց․ «Սիրելի՛ երիտասարդներ, ուղղակի հիշեք, որ մենք գտնվում ենք մեր կյանքի լավագույն ժամանակահատվածում, որ սա է ստեղծագործելու, արարելու և պետության կերտմանը նպաստելու ամենաճիշտ պահը, որ մենք իրավունք չունենք ծուլանալու, տրտնջալու մեր լուսավոր և մեր երազանքների Հայաստանի ճանապարհին։

Ես ուզում եմ, որ յուրաքանչյուրն այս գիտակցումով ճանաչի իր երկիրը, որպեսզի սիրել կարողանա, որպեսզի փայփայել կարողանա ու աշխատի ու ստեղծագործի՝ հանուն հզոր համայնքի և երջանիկ ու խաղաղ Հայաստանի»։

Նշենք, որ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը» այս տոնին նվիրված միջոցառումները կազմակերպել էր՝ համագործակցելով Գյումրու քաղաքապետարանի, ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կովկաս ռեսուրսային կենտրոնի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, Հայաստանում Erasmus+ Երիտասարդություն և Եվրոպական Համերաշխության Կորպուս ծրագրերի տեղեկատվական կենտրոնի հետ։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment