Ինչպես տեղեկացրել ենք, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն սկսել է ուսումնասիրել Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանի, Գյումրու քաղաքապետարանի իրավաբանական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչիկ Վարդանյանի և ապօրինի շինությունների բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Գրիգորյանի դեմ տնակում ապրող, 74-ամյա թոշակառու մի կնոջ՝ Գ․Հ․-ի բողոքը։
Տիկինը դիմել էր ոստիկանության Կումայրի բաժին՝ հաղորդում տալով առ այն, որ այս պաշտոնյաները կեղծել են Վարդան Ղուկասյանի ստորագրությունը, Բելինսկի փողոցում գտնվող, իրեն պատկանող 450 մետր քառակուսի սեփական հողամասից 50 մետր քառակուսի տարածքն ապօրինի վերցրել են, վաճառել մեկ այլ կնոջ։
Բացի այդ, ըստ բողոքավորի, Հնոցավան փողոցի մի շարք հասցեների դիմաց գտնվող մայթերն ու հողատարածքները զավթելու վերաբերյալ բազմիցս դիմումներ է ներկայացրել քաղաքապետարան, սակայն դրանք անպատասխան են մնացել, պատշաճ ընթացք չի տրվել։
Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալ, Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանն այսօր պարզաբանումներ ներկայացրեց Aravot.am-ին ՝ պնդելով, որ իր գլխավորած կառույցում կոռուպցիա չկա, իրենց զրպարտում են, բողոքը չի համապատասխանում իրականությանը։
Նա նաև նշեց, որ տիկինը իր հորդորով է դիմել իրավապահներին։
«Այս բողոքը միանշանակ չի համապատասխանում իրականությանը, բայց քանի որ նյութերը փոխանցվել են հակակոռուպցիոն կոմիտե, չեմ ուզում նախաքննության գաղտնիք խախտել, որ հետո իմ դեմ որևէ բան չօգտագործվի, բայց մի բան եմ ուզում ասել՝ ընդունելության ժամանակ կոպիտ վիրավորանքներ են հնչել մեր բաժինների ժամանակավոր պաշտոնակատարների և ընդհանուր առմամբ քաղաքապետարանի հասցեին, որ կոռումպացված եք, կաշառակեր եք, և այլն․․․
Ասացի՝ չի կարելի մարդկանց աշխատանքն այդպես նսեմացնել, եթե ինչ-որ փաստերի եք տիրապետում, ինչ-որ բաներ գիտեք, խնդրեմ, կարող եք դիմել իրավապահ համակարգ՝ ոստիկանություն, դատախազություն, թող պարզեն, ովքեր դրա մեջ կան, պատասխանատվության ենթարկեն, բայց ես վստահ եմ իմ վրա, մեր որոշ աշխատակիցների վրա, որ չկա նման բան։
Վստահ եմ նրանով, որ մեր կողմից երբևէ էդպիսի բան չի եղել՝ կոռուպցիա և այլն․․․
Ձեռքերս մաքուր են, խիղճս մաքուր է, դրա համար ասել եմ՝ դուք ինչպես գիտեք, ձեր իրավունքն է, դիմեք, թող գան պարզաբանեն»,- ասաց Ավետիս Առաքելյանը։
Նա ասաց, որ պետական այրի համար ամենավիրավորականն այն է, որ օրինբուն աշխատում է հանուն քաղաքի․ ու հանկարծ նրան «կաշառակեր» են անվանում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: