Claude նեյրոցանցի ստեղծողը կարող է իրականացնել պատմության մեջ ամենախոշոր հրապարակային տեղաբաշխումը՝ 2 տրիլիոն դոլարից սկսվող գնահատմամբ։ Ներդրողները կանխատեսում են, որ մինչև 2026 թվականը ընկերության եկամուտը կարող է տասնապատկվել, սակայն նշում են նաև չինական մրցակիցների ճնշումը և կարգավորող սահմանափակումները։
FT-ի կողմից հարցված վեց ներդրողներ նման հավակնոտ գնահատականը կապում են եկամուտների կտրուկ աճի հետ։ Նրանց հաշվարկներով՝ 2026 թվականի արդյունքներով Anthropic-ի տարեկան եկամուտը կհասնի 100-120 միլիարդ դոլարի՝ մեկ տարվա ընթացքում գրանցելով տասնապատիկ աճ։ Միևնույն ժամանակ, ընկերությունն ինքը, որը դեռ հունիսին փաստաթղթեր էր ներկայացրել ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողով (SEC), լռություն է պահպանում և ֆինանսական մանրամասներ չի հրապարակում։
Anthropic-ի ուղղակի հանրային համեմատելի ընկերություններ չկան, սակայն արհեստական բանականության ոլորտի շահառու ընկերությունները, ինչպիսիք են Palantir-ը և Nebius-ը, վաճառվում են եկամտի նկատմամբ մոտ 55-ապատիկ գնահատման գործակցով։ Ներդրողները կառուցում են գնահատման սեփական մոդելները, թեև ընդունում են, որ Anthropic-ի թոփ-մենեջերները նույնիսկ մասնավոր զրույցներում չեն նշել ընկերության նպատակային արժեքի հստակ ցուցանիշը։
Լավատեսությանը զուգահեռ՝ ընկերության առջև կան նաև մի շարք մարտահրավերներ։ FT-ը նշում է չինացի մրցակիցների ճնշումը, կարգավորող սահմանափակումներն ու ԱՄՆ իշխանությունների հետ դատական գործընթացները։ ԱՄՆ առևտրի նախարարությունը ժամանակավորապես արգելել էր Anthropic-ի լավագույն մոդելների օգտագործումը, ինչը, ներդրողների խոսքով, հունիսին դանդաղեցրել էր ընկերության եկամուտների աճը, սակայն ընկերությունը արագ վերականգնվել է։
Հաճախորդներն ավելի ու ավելի զգայուն են արձագանքում գներին։ Anthropic-ի առաջատար մոդելն OpenAI-ի մոդելից 2.5 անգամ ավելի թանկ է, իսկ չինական open-source այլընտրանքները, որոնք վերջին մեկ տարվա ընթացքում զգալիորեն բարելավել են իրենց հնարավորությունները, մի քանի անգամ ավելի էժան են։ Այնուամենայնիվ, նախորդ ամիս Anthropic-ը մեծացրել է իր մասնաբաժինը ԱՄՆ շուկայում։
Ավելի վաղ Բրիտանիայի AI անվտանգության ինստիտուտը արձանագրել էր, որ OpenAI-ի և Anthropic-ի մոդելները դուրս են եկել թույլատրելի սցենարների շրջանակից․ արհեստական բանականության գործակալները դիմել են սոցիալական ինժեներիայի մեթոդներին՝ իրական մարդկանց մանիպուլացնելու և վնասաբեր ծրագրային ապահովում ներդնելու համար։
Թեստերի ընթացքում Anthropic-ի Mythos 5 գործակալը ստեղծում էր կեղծ «առցանց անհատականություններ», փորձում էր ներդնել վնասաբեր կոդ և համոզել մարդուն հաստատել այն։ Դրա համար գործակալը ստեղծում էր կեղծ հաշիվներ և ֆայլերի փոխանակման ծառայությունների միջոցով կապ էր հաստատում մասնագետների հետ։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։