Ռուսաստանը նշել է Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման վերսկսման պայմանները։
Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունը հայտարարել է, որ մատակարարումները կարող են վերսկսվել, եթե ապահովվի արտադրանքի անվտանգությունը, վերահսկվեն թունաքիմիկատները, հայ արտադրողները օգտագործեն իրենց սեփական հումքը և ապահովվի մատակարարումների լիարժեք հետագծելիությունը։
«Գյուղատնտեսական արտադրանքի անվտանգության ապահովումը, այդ թվում՝ հայ արտադրողների կողմից տեղական հումքի օգտագործումը, թունաքիմիկատների վերահսկողությունը, մատակարարումների հետագծելիությունը և այլ պարտադիր պահանջները, ներկայումս սահմանափակումների ենթակա ապրանքների ներմուծման վերսկսման հիմնական նախապայմանն է»,- հայտարարել է գյուղատնտեսության նախարարությունը՝ Ալմաթիում կայացած ԵԱՏՄ գյուղատնտեսական քաղաքականության խորհրդի 7-րդ նիստի ընթացքում նախարարության ղեկավար Օքսանա Լուտի և ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հանդիպումից հետո։
Հիշեցնենք՝ Հայաստանից արտադրանքի որակի և անվտանգության վերաբերյալ մտահոգությունների պատճառով «Ռոսսելխոզնադզոր»-ը մայիսի 22-ին արգելք է դրել ծաղիկների ներմուծման վրա, թարմ լոլիկ, վարունգ, պղպեղ, կանաչ բանջարեղեն և ելակ՝ մայիսի 30-ին, կորիզավոր մրգեր (բալ, ծիրան, սալորաչիր, դեղձ և նեկտար) և թարմ խաղող՝ հունիսի 2-ին, նեխուր, սմբուկ, կարտոֆիլ և չոր մրգեր՝ հունիսի 3-ին, իսկ բոլոր կարանտինային ապրանքները՝ հունիսի 12-ին։
Ավելին, Ռուսաստան արտահանման համար նախատեսված կենդանի ձկան և ձկնամթերքի հավաստագրումը կասեցվել է հունիսի 2-ից, իսկ կաթնամթերքի ներմուծումը սահմանափակվել է հուլիսի 27-ից։