Բարձրագույն դատական խորհուրդը մոտ մեկ ամիս առաջ դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները։ Դատավորն, ըստ Բարձրագույն դատական խորհրդի, էական կարգապահական խախտում է թույլ տվել։ Կարգապահական գործի համաձայն՝ նա 183 օրից ավելի համատեղ բնակվել է օգնականի հետ, սակայն այս մասին նշում չի կատարել հայտարարագրում։ Այսպիսով՝ ըստ ԲԴԽ-ի դատավորը շահերի բախում է թույլ տվել։
Սա այն է, ինչ երևում է ԲԴԽ որոշումից, սակայն կարգապահական վարույթին նախորդել են իրադարձություններ, որոնք պատահականություն համարելը դժվար է։ Ինչպես պարզվում է՝ դատավորի վերաբերյալ 2025-ի ապրիլից մինչև տարեվերջ երեք քրեական վարույթ է նախաձեռնվել, խուզարկել են նրա օգնականի բնակարանը։ Հետաքրքիր է այն հանգամանքը, որ այս իրադարձություններին նախորդել են Գիվի Հովհաննիսյանի կողմից կայացված, Դատախազության համար անցանկալի որոշումներ։
Այսպես՝
Դատավորը վերացրել է Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցը, որպեսզի վերջինս բուժման նպատակով դուրս գա ՀՀ-ից
2025 թվականի ապրիլի 4-ին դատավոր Գիվի Հովհաննիսյանը վերացրել է ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի խափանման միջոց բացակայելու արգելքը, որպեսզի նա կարողանա բուժման նպատակով դուրս գալ Հայաստանից։ Գագիկ Խաչատրյանի գործը նախկինում քննվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, ապա տեղափոխվել Հակակոռուպցիոն դատարան ու մակագրվել Գիվի Հովհաննիսյանին։ 2019-ից մինչև 2025-ը Խաչատրյանի պաշտպանական թիմը պնդել է․ Խաչատրյանը բուժման նպատակով պետք է մեկնի Հայաստանից։ Դատարանը, սակայն, չի թույլատրել։
2025-ի ապրիլին կայացած հերթական դատական նիստին կրկին քննարկման առարկա է դարձել Գագիկ Խաչատրյանի նկատմամբ բացակայելու արգելք խափանման միջոցը վերացնելու հարցը, որպեսզի վերջինս բուժման նպատակով կարողանա մեկնել։ Դատախազը կրկին առարկել է, սակայն դատավոր Գիվի Հովհաննիսյանը, որպես հիմնավորում մատնանշելով անձի առողջության կարևորությունը, որոշել է վերացնել Խաչատրյանի խափանման միջոցը։ Գագիկ Խաչատրյանը, սակայն, հնարավորություն չի ունեցել լքելու Հայաստանը։ Այն բանից հետո, երբ դատավորը թույլատրել է Գագիկ Խաչատրյանին դուրս գալ Հայաստանից, դատախազը մեկ այլ գործով նոր հանրային քրեական հետապնդում է հարուցել նրա նկատմամբ՝ որպես խափանման միջոց ընտրելով բացակայելու արգելքը։ Այսպիսով՝ Խաչատրյանը մնացել է երկրում, սակայն չի մասնակցել Գիվի Հովհաննիսյանի վարույթում քննվող գործին․ պաշտպանական կողմը պնդել է, որ նա ի վիճակի չէ տեղափոխվել դատարան, ինչը հավաստվել է նաև Շտապօգնության աշխատակիցների՝ դատարան ուղարկված գրություններով։
Դատախազությունը, սակայն, չի բավարարվել Գագիկ Խաչատրյանի ելքը սահմանափակելով։ Խաչատրյանի վերաբերյալ որոշումից ընդամենը 3 օր անց ԱԱԾ-ն հայտնել է, որ Գիվի Հովհաննիսյանը 2024 թվականին ներկայացված 2023 թվականի վերաբերյալ հայտարարագրում տվյալ է թաքցրել, մասնավորապես՝ չի հայտնել, որ 2023-ին փաստացի ամուսնական հարաբերություններ ունենալով իր օգնականի հետ՝ 183 օրից ավելի համատեղ բնակվել է նրա և վերջինիս մոր հետ, բացի այդ՝ հայտարարագրում կեղծ տվյալ է ներկայացրել իր փաստացի բնակության հասցեի փոխարեն նշելով հաշվառման հասցեն։
Դատավորի օգնականը ևս հայտարարատու պաշտոնատար անձ է, ուստի նույն հանգամանքի վերաբերյալ օգնականի մասին տեղեկությունները ևս ստուգվել են։
Ինչպես նշվել է գործում ԱԱԾ-ն դատավորի նկատմամբ արտաքին դիտում է իրականացրել՝ առանց դրա արդյունքները տեխնիկական միջոցներով ամրագրելու։ Այս տեսակի միջոցառում իրականացնելու համար դատարանի թույլտվություն չի պահանջվում։ Ստացվում է՝ դատավորի կողմից 2023-ին ենթադրյալ արարք կատարելու վերաբերյալ 2025-ին վարույթ է նախաձեռնվել օպերատիվ տվյալի հիման վրա, որի հիմքերը ստուգել հնարավոր չէ։
Հակակոռուպցիոն կոմիտեում ապրիլի 12-ին վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 444-րդ 1-ին հոդվածով, այն է՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալ թաքցնելը։ Քանի որ դատավորի օգնականը ևս հայտարարատու պաշտոնատար անձ է, վարույթ է նախաձեռնվել նաև նրա վերաբերյալ։ Երկու գործերը միացվել են մեկ վարույթում և քննվել։
Վարույթ է նախաձեռնվել նաև 2024-ի հայտարարագրի վերաբերյալ
Այս իրադարձություններից մեկուկես ամիս անց՝ 2025-ի մայիսին Գիվի Հովհաննիսյանն ու օգնականը 2024-ի հայտարարագիրն են ներկայացրել, որում կրկին տվյալներ առկա չեն եղել 183 օրից ավելի համատեղ բնակվելու վերաբերյալ։ Նախաձեռնվել է ևս երկու վարույթ՝ դատավորի և օգնականի վերաբերյալ։ Այս վարույթները ևս եղել են Քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի 1-ին մասով, այսինքն՝ հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելը կամ տվյալ թացքնելը։ Այս երկու վարույթները ևս միացվել են միմյանց, ապա 2023-ի և 2024-ի վերաբերյալ վարույթներն են միացվել։
Ինչ հիմնավորումներ են ներկայացվել 444-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված վարույթի շրջանակներում
Վարույթն իրականացնող մարմնի պնդմամբ՝ դատավորն ու օգնականը փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ են գտնվում 2023-ի ապրիլից․ Հայաստանի Հանրապետությունում գործող կապի օպերատորներից ստացված տեղեկատվության զննությամբ պարզվել է, որ 2023-2025 թվականներին Դատավորի և Դատավորի օգնականի կողմից օգտագործված հեռախոսահամարների միջև առկա են բազմաթիվ փոխադարձ ելքային և մուտքային հեռախոսազանգեր, իսկ Դատավորի հեռախոսահամարը նշված ժամանակահատվածում 124 անգամ սպասարկվել է համատեղ բնակության վայրը սպասարկած ալեհավաք կայանների տիրույթում։
Դատավորը, սակայն, նշել է, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնը ստանձնել է 2022 թվականի օգոստոս ամսից և լիազորություններն իրականացրել է Ճամբարակ քաղաքում, որտեղ կացության հարցի լուծման նպատակով վարձակալել է տուն, կատարել վարձակալության պայմանագրից բխող վճարումներ, այդ թվում՝ նաև կոմունալ։ Ըստ Դատավորի՝ Երևան է տեղափոխվել միայն 2023 թվականի սեպտեմբերի 15-ից։ Այսինքն՝ 2022 թվականի սեպտեմբեր ամսից մինչև 2023 թվականի սեպտեմբեր ամիսը մշտապես բնակվել է Ճամբարակ քաղաքում, ինչը հիմնավորվում է տան վարձավճարի և կոմունալ վճարների վերաբերյալ փաստաթղթերով և իրականացված դատալսումներով։ Նշվածի հաշվառմամբ, Դատավորը փաստել է, որ 2023 թվականի ապրիլ ամսից փաստական ամուսնական հարաբերությունների մեջ չի գտնվել և չէր կարող գտնվել Մ.Ս.-ի հետ, վերջինիս հետ համատեղ չի բնակվել, այդ թվում՝ նաև իր բնակության հասցեում և հետևաբար, որպես օգնական աշխատանքի չի ընդունել փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Մ. Ս.-ին։
Միաժամանակ, դատավորը նշել է, որ ՀՀ-ում գործող կապի օպերատորներից ստացված տեղեկատվության զննությամբ ակնհայտ է դառնում, որ իր հեռախոսն իր հաշվառման վայրում, որը հանդիսանում է նաև իր փաստացի բնակության հասցեն, սպասարկող ալեհավաքների կողմից հայցվող ժամանակահատվածում սպասարկվել է 1000-ից ավելի անգամ և պարզ չէ, թե ինչ տրամաբանությամբ է հաղորդում ներկայացնող անձն առկա փաստերի պարագայում, 124 անգամ համապատասխան ալեհավաք կայանների տիրույթում սպասարկված լինելու հանգամանքը գնահատել առավել ծանրակշիռ և դրել իր եզրահանգումների հիմքում, հատկապես, որ 2 տարի 10 ամսվա ժամանակահատվածում 124 անգամ համապատասխան ալեհավաք կայանների տիրույթում սպասարկված լինելու հանգամանքը չի կարող հաստատել տարեկան 183 օր համատեղ բնակության փաստը։
Երրորդ վարույթը նախաձեռնվել է պաշտոնեական անփութության հոդվածով
Օգոստոսին դատավորին առնչվող երրորդ վարույթն է նախաձեռնվել՝ Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութությունը)։ Ըստ այս գործի՝ դատավորը տնային կալանք է կիրառել իր վարույթում գտնվող գործերից մեկով մեղադրյալի նկատմամբ, սակայն որոշումը չի ուղարկել պրոբացիայի ծառայությանը, ուստի անձի նկատմամբ տնային կալանք չի կիրառվել։ Այս հանգամանքի մասին պրոբացիայի ծառայությունը տեղեկացել է ամիսներ անց։ Ինչպես պարզվում է, դատավորն ամիսներ անց նույն մեղադրյալի նկատմամբ ընտրված տնային կալանքը որոշել է փոխարինել վարչական հսկողությամբ։ Երբ դատավորի կողմից կայացված նոր որոշումը հասանելի է դարձել Պրոբացիայի ծառայությանը, պարզվել է, որ մինչ այդ ընտրված տնային կալանքը մեղադրյալի նկատմամբ չի կիրառվել։ Դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել, սակայն դատավորը պնդել է, որ ինքը որոշումն ուղարկել է վարույթն իրականացնող մարմնին։
Խուզարկություն՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ բացակայելու արգելք չկիրառելուց հետո
2025-ին դատավոր Գիվի Հովհաննիսյանին մակագրվել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ գործերից մեկը։ Դատական նիստի ընթացքում Գիվի Հովհաննիսյանը դռնփակ քննարկել է Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված բացակայելու արգելք խափանման միջոցը վերացնելու հարցը, որպեսզի նա կարողանա բուժման նպատակով մեկնել Հայաստանից։ Այս անգամ ևս «օգնության է եկել» ԱԱԾ-ն։
Այն բանից հետո, երբ Սարգսյանի խափանման միջոցը վերացվել է, ԱԱԾ-ն Դատախազությանը հայտնել է, որ օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ Սարգսյանը պատրաստվում է լքել Հայաստանը։
Դատախազությունը հրատապ կարգով դատարան է ներկայացրել Սերժ Սարգսյանի նկատմամբ բացակայելու արգելք կիրառելու մասին միջնորդություն։ Ըստ այս միջնորդության՝ անհրաժեշտ էր Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց կիրառել, քանի որ ԱԱԾ-ի կողմից ստացված տեղեկությունների համաձայն՝ Սարգսյանը մտադիր էր նոյեմբերի 4-ի գիշերը մեկնել ՀՀ-ից և չվերադառնալ։ Դատավոր Գիվի Հովհաննիսյանը նոյեմբերի 5-ին արտահերթ նիստ է հրավիրել, որին Սերժ Սարգսյանը, սակայն, ներկայացել է։ Նա լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ չի պատրաստվում լքել Հայաստանը։ «Էս իմ երկիրն ա, իրենց երկիրը չի, ո՞ւր պիտի փախչեմ»,- ասել էր Սերժ Սարգսյանը։
Դատավոր Գիվի Հովհաննիսյանը մերժել է միջնորդությունն ու Սերժ Սարգսյանի նկատմամբ բացակայելու արգելք չի կիրառել։
Այս որոշումից ընդամենը երկու օր անց՝ նոյեմբերի 7-ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանի որոշման հիման վրա խուզարկություն է իրականացվել դատավոր Գիվի Հովհաննիսյանի օգնականի բնակարանում։ Խուզարկությամբ Հովհաննիսյանի հետ համատեղ բնակվելը հաստատող որևէ տվյալ չի հայտնաբերվել։ Այնուամենայնիվ, դատավորի օգնականը բողոքարկել է խուզարկության որոշումը, և Վերաքննիչ դատարանը բեկանել է խուզարկության թույլտվության վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը։
Վարույթը բոլոր դրվագներով կարճվել է
Չնայած նման քանակով վարույթների առկայությանը՝ դատավոր Գիվի Հովհաննիսյանը կամ օգնականը որևէ վարույթով մեղադրյալի կարգավիճակ չեն ունեցել։ 2026-ի մարտին բոլոր դրվագներով վարույթները կարճվել են։ Կարճման որոշման մեջ նշվում է, որ թեև Գիվի Հովհաննիսյանի՝ օգնականի հասցեում բնակվելը ձևականորեն պարունակում է 444-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներ, բայց այս խախտումը էական վնաս չի պատճառել և չէր կարող պատճառել անձանց պետությանը կամ հասարակությանը։ Ինչ վերաբերում է մյուս դրվագին՝ կապված տնային կալանքի որոշումը չկիրառելու հետ, քննիչը համարել է, որ բավարար փաստական տվյալներ ձեռք չեն բերվել դատավորի կողմից ենթադրյալ արարք կատարելու վերաբերյալ։
Հղում կատարելով Քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասին՝ քննիչը նշել է, որ Քրեական վարույթը ենթակա է կարճման, եթե հաստատվել է Քրեական օրենսգրքով նախատեսված որևէ հանցանքի բացակայությունը։
Թեև, ըստ էության, որոշումը դատավորի և օգնականի օգտին է՝ նրանց կարճման որոշման ձևակերպումների հետ բովանդակային անհամաձայնություններ ունեն, ուստի երկուսն էլ կարճման որոշումը բողոքարկել են դատարան։ Այս պահին դրանք քննվում են Հակակոռուպցիոն դատարանի երկու դատավորների վարույթներում։
Ով է դատավոր Գիվի Հովհաննիսյանը
Այս պատմության մեջ առավել հետաքրքիր է այն հանգամանքը, թե ով է դատավոր Գիվի Հովհաննիսյանը։
Դատավորի հայրն ու եղբայրը 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո, այսինքն՝ այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը դարձել էր նախագահ, հետապնդման են ենթարկվել Մարտի 1-ի իրադարձությունների գործով։ Նրանք իրենց նկատմամբ հետապնդումը համարել են քաղաքական։ Դատավորի հայրը՝ 2008-ին պաշտոնաթող գնդապետ Համլետ Հարությունյանը նախագահական ընտրությունների ժամանակ եղել է նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի Լոռու նախընտրական շտաբի համակարգողը։ Եղբայրը՝ Գագիկ Հովհաննիսյանը, եղել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ։ Մարտի 1-ի իրադարձությունների գործերով Գագիկ Հովհաննիսյանը դատապարտվել է, իսկ հայրը՝ Համլետ Հովհաննիսյանը, որին մեղադրում էին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ, տևական ժամանակ եղել է ընդհատակում, ապա այն բանից հետո, երբ որդու նկատմամբ համաներում է կիրառվել, ընդհատակից դուրս է եկել և ներկայացել իրավապահներին։
2002 թվականից քննիչ աշխատող Գիվի Հովհաննիսյանը 2008-ի հոկտեմբերին հրաժարականի դիմում է ներկայացրել ու ստանձնել հոր և եղբոր պաշտպանությունը։
Սերժ Սարգսյանի գործով դատական նիստի մեկնարկին դատավորը բարձրաձայնել է վերը նշված հանգամանքները։ Միևնույն ժամանակ հայտնել է, որ ինքը կարող է անաչառ քննել գործը։ Սերժ Սարգսյանը, նրա պաշտպանական թիմն ու դատախազը, սակայն կասկածի տակ չեն դրել դատավորի անաչառությունը, ուստի՝ նա շարունակել է քննել այն։
Բացի այս՝ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո վերսկսվել է նաև Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Հայկ Սարգսյանին առնչվող մի քրեական գործի քննություն, որով Սարգսյանին մեղադրում էին սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու ու պահելու համար։ Ըստ գործի՝ Սարգսյանը ընկերոջը՝ Դավիթ Սիմոնյանին էր փորձել սպանել։ Այս գործով Դավիթ Սիմոնյանի շահերը ներկայացնում էր այն ժամանակ որպես փաստաբան աշխատող Գիվի Հովհաննիսյանը։
Քրեական վարույթը կարճելուց հետո Գլխավոր դատախազը դիմել է Արդարադատության նախարարություն
Այն բանից հետո, երբ դատավոր Գիվի Հովհաննիսյանին ու օգնականին առնչվող վարույթը կարճվել է, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դիմել է Արդարադատության նախարարություն՝ կարգապահական վարույթ հարուցելու հարցով։ Նախարարը վարույթ է հարուցել ու դիմել ԲԴԽ, որն էլ, գործը քննելով, որոշել է դատավորի նկատմամբ կիրառել պատասխանատվության ամենախիստ միջոցը՝ լիազորությունների դադարեցում։
Ինչ շրջանակներում է քննվել կարգապահական գործը
Կարգապահական գործում, ըստ էության, դրվել են այն նույն փաստական հանգամանքները, որոնք առկա են եղել քրեական վարույթով, միայն թե այս դեպքում դրանց գնահատականներ են տրվել կարգապահական գործի շրջանակներում։
Պաշտոնատար անձի հետ համատեղ բնակվող անձի հայտարարագիր ներկայացնելու նպատակը թափանցիկությունն ապահովելն է։ Օրենքի տրամաբանությունն այն է, որ հայտարարագրումը չպետք է սահմանափակվի միայն պաշտոնատար անձի անունով գրանցված գույքով ու եկամուտներով։ Հակառակ դեպքում հնարավոր կլիներ պաշտոնատար անձի հետ փաստացի կապված գույքն ու ֆինանսական միջոցները պահել ընտանիքի մեկ այլ չափահաս անդամի անունով։ Սակայն այս դեպքում իրավիճակն առավել հետաքրքիր է։ Եթե անգամ տեսականորեն ընդունենք, որ դատավորն ու օգնականը բնակվել են համատեղ և թաքցրել են այդ հանգամանքը, միևնույնն է, նրանց չեն կարող մեղադրել ընտանիքի չափահաս անդամի անունով գույք ու ֆինանսական միջոցներ գրանցելու մեջ, քանի որ նրանք երկուսն էլ, փաստորեն, հայտարարատու են և պարտականություն ունեն հայտարարագրելու իրենց գույքն ու եկամուտները։ Ուստի՝ ստացվում է, որ երկուսի դեպքում էլ պետությունը հնարավորություն ունեցել է համատեղ բնակվող անձի գույքի և եկամուտների վերաբերյալ տվյալները ստանալու։
Կարգապահական գործի շրջանակներում Արդարադատության նախարարությունը պնդել է, որ դատավորը թույլ է տվել շահերի բախում։ Մասնավորապես՝ ԲԴԽ-ում նշել է, որ օրենսդրի կողմից դատավորների համար սահմանվել են ի պաշտոնե գործելիս պարտադիր պահպանման ենթակա վարքագծի կանոններ, որոնց թվին է պատկանում դատավորի պարտականությունը՝ թույլ չտալ շահերի բախում, բացառել ընտանեկան, հասարակական կամ այլ բնույթի հարաբերությունների՝ իր ի պաշտոնե լիազորությունների իրականացման վրա որևէ ազդեցություն։ Ըստ ԲԴԽ-ի՝ շահերի բախում թույլ տալով՝ դատավոր վարկաբեկում է դատական իշխանության հեղինակությունը և ստեղծում կողմնակալության տպավորություն:
Նախարարությունը, սակայն, չի ներկայացրել որևէ կոնկրետ իրավիճակ, երբ դատավորի կոնկրետ գործողությունը շահերի բախման ռիսկ է առաջացրել կամ հանգեցրել շահերի բախման իրավիճակի։ Նախարարության ներկայացուցիչը պնդել է, որ շահերի բախման ինստիտուտն ունի կանխարգելիչ բնույթ, որը միտված է բացառելու ոչ միայն այն իրավիճակները, երբ մասնավոր շահն արդեն իսկ ազդել է դատավորի պաշտոնեական գործունեության վրա, այլև երբ առկա է նման ազդեցության ողջամիտ հնարավորությունը։
Դատավորի ներկայացուցիչները պնդել են, որ «շահերի բախում» սահմանող կառուցակարգերը չեն վերաբերվում դատավորի կողմից իր հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց հետ համատեղ աշխատելու դեպքերին, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ։
Միաժամանակ, դատավորը հավելել է, որ եթե դատավորի պարագայում առավել խիստ չափանիշներ սահմանվեն, քան հանրային ծառայության այլ ոլորտներում գործող պաշտոնատար անձանց պարագայում, ապա կարող է ստեղծվել իրավիճակ, որ դատավորի օգնական չի կարող աշխատել դատավորի հետ ոչ ազգակցական սերտ անձնական հարաբերություններ ունեցող անձը, սակայն մյուս պաշտոնատար անձանց դեպքում, ովքեր գործառութային առումով բացառիկ լիազորություններ ունեն երկրի կառավարման՝ տնտեսական, ռազմական և այլ կարևոր նշանակություն ունեցող ոլորտներում, այս սահմանափակումը չի գործի։
ԲԴԽ-ն սակայն, համարել է, որ առկա է շահերի բախում, որ դատավորը թույլ է տվել էական կարգապահական խախտում ու դադարեցրել նրա լիազորությունները։ Դիտարկենք նաև, որ թեև դատավորի կարգապահական գործը դռնփակ է քննվել՝ Բարձրագույն դատական խորհուրդը ամբողջ որոշումը հրապարակային տեղադրել է կայքում։
Դատավորի վարույթում գտնվող 80-ից ավելի գործի քննություն կսկսվի նորից
Հակակոռուպցիոն դատարանի քրեական մասնագիտացմամբ դատավորները քննում են ինչպես մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթներ, այսինքն՝ կալանքի և այլ միջնորդություններ, այնպես էլ քրեական վարույթներ։ Լիազորությունները դադարեցնելու պահին դատավորի վարույթում մինչդատական վարույթի դատական երաշխիքների վերաբերյալ ընդամենը մի քանի գործ է եղել։ Ինչ վերաբերում է բուն քրեական գործերին, ապա դրանց քանակը գերազանցում է 80-ը։
Դատավորի լիազորությունները դադարեցնելու կամ նրան այլ դատարան տեղափոխելու դեպքում նրա վարույթում գտնվող գործերը վերամակագրվում են այլ դատավորների։ Այսինքն՝ Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները դադարեցնելուց հետո նրա վարույթում քննվող մոտ 80 գործի քննություն կսկսվի նորից։
Արաքս Մամուլյան