35-ամյա երիտասարդի մոտ և մեքենայում թմրամիջոցի նմանվող զանգված պարունակող 47 փաթեթ է հայտնաբերվել
Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 6-ին Դավիթաշենի գերեզմանատան հարակից տարածքում հայտնաբերել և թմրամիջոց ձեռք բերելու ու իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել են 35-ամյա մի երիտասարդի։ Վերջինս իր կողմից շահագործվող «Պորշ» մակնիշի մեքենայի հետ տեղափոխվել է բաժին։
Երիտասարդի անձնական խուզարկության ընթացքում հայտնաբերվել է կրիստալ տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված պարունակող 31 փաթեթ՝ 26․33 գրամ ընդհանուր քաշով, ինչպես նաև դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ։
Բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդը հայտնել է, որ տելեգրամյան ալիքի օգտատիրոջից իրացնելու նպատակով ձեռք է բերել 50 փաթեթ կրիստալ տեսակի թմրամիջոց՝ նախապես նրա հաշվին փոխանցելով 300 դոլար։ Նա նաև հայտնել է, որ փաթեթների մի մասը թողել է մեքենայում, իսկ մեկ փաթեթ արդեն տեղադրել է։
Երևանում բնակվող 35-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված խուզարկության արդյունքում հատուկ պահպանվող տարածք տեղափոխված մեքենայում հայտնաբերվել է կրիստալ տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված պարունակող ևս 16 փաթեթ՝ ընդհանուր 21․39 գրամ քաշով։
Նախաքննությունը շարունակվում է։