«Զարմանալի չէր, սպասելի էր»․ Վարդան Ղուկասյանի փեսան՝  Մարտուն Գրիգորյանի ձերբակալման մասին

Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը, Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Վարդան Ղուկասյանին սատարած «Մեր քաղաքը» դաշինքի հիմնադիր, ԱԺ  նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ձերբակալությանը, կարծիք հայտնեց, որ զարմանալի չէր, սպասելի էր։

«Զարմանալի չէ, սպասելի է, որովհետև ընդդիմադիր քաղաքական գործիչներին նորից շարունակում են հետապնդել, ինչն անընդունելի է։

Եթե ժողովրդավարական մի միություն ենք գնում, մարդու իրավունքները ոտնահարելը, ակտիվ քաղաքական գործիչների ձայնը լռեցնելն անընդունելի է։ 21-րդ դար է, համացանց, հեռուստացույց․․․ ձայնի արագությամբ հասնում է ինֆորմացիան։ Տեսնում եք, թե Գերմանիայում ինչպես ընդդիմադիր հայացքներ ունեցող տիկինը ինչ խոսույթով ու ինչ մեկնաբանություններով է քննադատում գործող իշխանություններին, մի ուրիշ էլ տեղ էլ՝ նույնը, և այլ, և այլն․․․

Սա բացահայտ տեսնում ենք, եթե ուզում եք էդ ժողովրդավարությունը, ուրեմն պիտի հանդուրժեք նաև ընդդիմադիր հայացքներ ունցող քաղաքական գործիչներին, և նրանց խոսույթի համար չպետք է հետապնդել մարդկանց, չպետք է լռեցնել։

Հայաստանի Հանրապետության պետականությունը պահելու ճանապարհը, ըստ ինձ, դա չէ, պետք է լինի համերաշխությունը և միասնականությունը։ Եթե մենք միասնական չլինենք ու չուզենք պահպանել մեր երկիրը, մեր հայրենիքը, հայ ժողովրդին, ոչ ոք այս երկրագնդի վրա չի գալու, մեզ չի պաշտպանելու, մեր խնդիրներին լուծում չի տալու», -ասում է Ավետիս Առաքելյանը։

Ըստ նրա, կարևոր է, որ բոլորը միավորվեն Հայոց պետականության շուրջ, ոչ թե ընկնեն այն բանի հետևից, թե ասենք՝ Գյումրին ընդդիմադիր ուժերն են կառավարում։

«Կարող է՝ այդ մարդը սիրված է, բացի դրանից էլ՝ կառավարելու ձև գիտի, թող քննադատեն, տեղին քննադատեն,  առողջ քննադատությունն ընդունում ենք, բայց թող բամբասանք չանեն, ամենավատ բանը մարդուն զրպարտելն ու բամբասանք անելն է»,- ասում է մեր զրուցակիցը՝ չբացառելով, որ Մարտուն Գրիգորյանի ձերբակալությունը կապված է Գյումրիում նոր ՏԻՄ ընտրություններ անցկացնելու, իրենցից իշխանությունը վերցնելու մտադրության հետ։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment