Ալմաթիում բացվել է «Հայաստանի գունապնակը» ցուցահանդեսը


2026 թվականի օգոստոսի 12-ին Ալմաթիում տեղի է ունեցել «Հայաստանի գունապնակը․ Ղազախստանի Հանրապետության Աբիլխան Կաստեևի անվան արվեստի ազգային թանգարանի հավաքածուից» ցուցահանդեսի բացումը, որը կազմակերպվել է Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Ալմաթիում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության աջակցությամբ:


 


Ցուցահանդեսում ներկայացված են թանգարանի ֆոնդերում պահվող հայ նկարիչների աշխատանքները: Ցուցադրությունը ընդգրկում է գեղանկարչական, քանդակագործական և դեկորատիվ-կիրառական արվեստի գործեր, որոնք արտացոլում են 20-րդ դարի հայկական արվեստի զարգացման հիմնական ուղղությունները: Ներկայացված հեղինակների թվում են Հովհաննես Այվազովսկին, Մարտիրոս Սարյանը, Մինաս Ավետիսյանը, Դմիտրի Նալբանդյանը, Մարիամ Ասլամազյանը, Ալեքսանդր և Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանները և հայ արվեստի այլ վարպետներ: Այս մասին տեղեկացնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից:


 


Բացելով ցուցահանդեսը՝ Աբիլխան Կաստեևի անվան արվեստի ազգային թանգարանի տնօրեն Գուլաիմ Ժումաբեկովան ընթերցել է Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ, մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի ողջույնի խոսքը։ Ուղերձում մասնավորապես նշվել է. «Ղազախստանին և Հայաստանին կապում են ավանդաբար ջերմ հարաբերություններ, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի, բարեկամության և բազմամյա մշակութային-հումանիտար համագործակցության վրա։ Ընդգծվել է, որ հայ վարպետների՝ Ղազախստանի առաջատար թանգարաններից մեկում պահվող աշխատանքները Ղազախստանի և Հայաստանի միջև վաղեմի մշակութային կապերի ևս մեկ վկայություն են»։


 


 


Ողջունելով ցուցահանդեսի հյուրերին՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը նշել է, որ ներկայացված յուրաքանչյուր աշխատանք հիշողության, բարեկամության և Հայաստանի ու Ղազախստանի ժողովուրդների պատմամշակութային ժառանգության փոխադարձ հարստացման յուրօրինակ կամուրջ է: Հայաստանի դիվանագիտական առաքելության ղեկավարը նաև երախտագիտություն է հայտնել ցուցահանդեսի կազմակերպիչներին՝ նախագծի իրականացմանն աջակցելու, ինչպես նաև անցյալ դարի կեսերից Ղազախստանի արվեստի ազգային թանգարանի ֆոնդերը հարստացնող հայ արվեստագետների ստեղծագործությունների հանդեպ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար:


 


Ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցեցին հայ համայնքի և ստեղծագործական մտավորականության ներկայացուցիչներ, Ալմաթիում հավատարմագրված մի շարք օտարերկրյա պետությունների գլխավոր և պատվավոր հյուպատոսությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ:


 


Ցուցահանդեսը կգործի մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 3-ը:

Դիտումների քանակ3

Leave a comment