«Լեւոն Զուրաբյանը գիտություն մուտք գործած ամենատաղանդավոր տեսաբան-ֆիզիկոս գիտնականներից էր»

Վարչապետի թեկնածուների շուրջ քննարկումներում հիմնական շեշտը, որպես կանոն, դրվում է թեկնածուի քաղաքական գործունեության վրա, միևնույն ժամանակ, քիչ է անդրադարձ կատարվում այն մտավոր ու գիտական հիմքին, որի վրա ձևավորվել են տվյալ գործչի հայացքներն ու մոտեցումները։ Այդ պատճառով Aravot.am-ը ներկայացնում է ՀԱԿ-ի կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Լևոն Զուրաբյանի գիտական գործունեությունը։ Կենսագրության այդ հատվածը եւ տարիների ընթացքում ձևավորված վերլուծական փորձը կարևոր բաղադրիչ են՝ հասկանալու նրա քաղաքական մտածողության ու հանրային գործընթացների գնահատման մեթոդաբանությունը։

Լեւոն Զուրաբյանն ավարտել է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը (տեսական ֆիզիկայի մասնագիտությամբ) 1985 թվականին։ Այնուհետեւ ընդունվել է Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրա՝  տեսական եւ մաթեմատիկական ֆիզիկայի մասնագիտությամբ, որն ավարտելուց հետո 1989-ին դարձել է գիտաշխատող՝ նույն ինստիտուտի հայտնի Տեսական բաժնում, որտեղ աշխատել է մինչեւ 1991 թվականի հուլիսի 27-ը, երբ դարձավ առաջին նախագահ Լեւոն Տեր֊-Պետրոսյանի օգնականը։ Այդ ընթացքում նա ակտիվորեն զբաղվել է դաշտի քվանտային տեսության տարբեր հարցերով, որոնք ի վերջո ուղղված են բնության մեջ գործող ուժերի միացյալ մոդելների կառուցմանը՝ սուպերգրավիտացիայի եւ տրամաչափային մոդելներում այսպես կոչված «անոմալիաների» խնդրով, պատահական մատրիցաների մոդելների,  քվանտային խմբերի ուսումնասիրությամբ և այլն:

Երեւանի Ֆիզիկայի ինստիտուտի նախկին տնօրեն, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր և ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ռուբեն Մկրտչյանը, ով եղել է  Լեւոն Զուրաբյանի գիտական ղեկավարը,  իր հարցազրույցներից մեկի ժամանակ հետեւյալ գնահատականն է տվել Լեւոն Զուրաբյանին՝ որպես գիտնականի. «Լեւոն Զուրաբյանը գիտություն մուտք գործած ամենատաղանդավոր տեսաբան-ֆիզիկոս գիտնականներից էր այն սերնդի, որին պատկանում են այսօր աշխարհում ճանաչված այնպիսի գիտնականներ, ինչպիսիք են գիտությունների դոկտորներ Ռուբեն Մանվելյանն ու Ռուբեն Պողոսյանը։ Իմ ղեկավարությամբ նա զբաղվել է տրամաչափային տեսություններում եւ սուպերգրավիտացիայում անոմալիաների հաշվարկման թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա էլ ակտուալ խնդիրներով, պատահական մատրիցաների մոդելների եւ նրանց կապերի ինտեգրվող մոդելների հետ ուսումնասիրությամբ, ինչպես նաեւ այն ժամանակ դեռ նոր ծնվող, իսկ ներկայումս շատ կարեւոր եւ ինտենսիվորեն զարգացող քվանտային խմբերի տեսության հետազոտմամբ»։

Անդրադառնալով Լեւոն Զուրաբյանի գիտական արդյունքներին՝ պարոն Մկրտչյանն ասել է. «Իր գիտական աշխատություններում նա, համահեղինակների հետ միասին, ստացել է հետաքրքիր արդյունքներ, որոնք հետագայում զարգացվել են իմ եւ այլ մասնագետների կողմից։ Կասկած չկա, որ Լեւոնը կդառնար մեր բնագավառում առաջատար գիտնական, եթե շարունակեր իր աշխատանքը։ Միեւնույն ժամանակ իր կողմից կատարված աշխատանքը արդեն լրիվ բավարար էր թեկնածուական դիսերտացիայի պաշտպանության համար։ Դա տեղի չունեցավ որպես գիտական ղեկավար իմ անփորձության պատճառով  (նա իմ առաջին ասպիրանտն էր, ես նոր էի եկել Լանդաուի անվան Տեսական ֆիզիկայի ինստիտուտից՝ այդ հաստատության  անդրամպային բարձունքի չափանիշներով եւ պահանջներով): Մյուս կողմից կար նաեւ հասարակական գործունեությամբ զբաղվելու Լեւոնի ձգտումը, ինչի հետեւանքով ինքը, Էդուարդ Եգորյանը եւ բազմաթիվ այլ գիտնականներ այն տարիներին հեռացան գիտությունից, այդ թվում՝ մեր Տեսական բաժնից»:

Կից ներկայացնում ենք Լեւոն Զուրաբյանի  գիտական աշխատությունները եւ արդյունքները, որոնցից երկուսը հրապարակվել են տեսական ֆիզիկայի բնագավառում միջազգային այնպիսի հեղինակավոր գիտական ամսագրերում, ինչպիսին են “Теоретическая и математическая физика”  եւ “Modern Physics Letters A” ամսագրերը։

1. Լ. Ա. Զուրաբյան, Ռ. Լ. Մկրտչյան, Հ. Մ. Խուդավերդյան. «Արտաքին տենզորային դաշտերում աքսիալ անոմալիաների մասին», “Теоретическая и математическая физика” ամսագիր, 1987, հատոր  71,  համար 1, էջեր 78–90.

Արդյունքը. Դիտարկված է կենտ ռանգի արտաքին հակասիմետրիկ տենզորային դաշտերում Դիրակյան ֆերմիոնների աքսիալ հոսանքի հաշվարկման հարցը: Ներկայացված է  միաչափ սուպերսիմետրիկ մոդելների հաջորդականություն, որոնց գերլիցքերը քվանտացումից հետո հանդիսանում են արտաքին տենզորային դաշտերում Դիրակի օպերատորներ, իսկ նրանց Վիտտենյան վիճակագրական գումարը` աքսիալ հոսանքի անոմալիա: Ցույց է տրված, որ վիճակագրական գումարի համար համապատասխան կոնտինուալ ինտեգրալի գործողությունը տարբերվում է դասականից: Քվազիդասական մոտեցումը ի վիճակի է հաշվարկել անոմալիան միայն զրոյական արտաքին ածանցյալով երրորդ ռանգի արտաքին տենզորային դաշտի  դեպքում, որի պարագայում էլ այն հաշվարկված է կամայական չափողականության համար: Քննարկվում է այդ դաշտի մեկնաբանությունը որպես արտաքին գրավիտացիոն դաշտի ոլորում եւ կապը Վիտտենի եւ Ալվարես-Գոմեի արդյունքների եւ Ատյա-Զինգերի թեորեմի հետ:

2. Լ. Ա. Զուրաբյան, Ռ.Լ. Մկրտչյան. «Կահլերյան ինվարիանտությամբ սուպերգրավիտացիաների քվանտացումը եւ անոմալիաները»: Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի հրատարակչություն, 1988, YERPHI-1038(1)-88

Արդյունքը. Դիտարկված են N=1 քառաչափ սուպերգրավիտացիաներ, որոնք փոխազդում են սկալյար եւ տրամաչափային սուպերմուլտիպլետների հետ: Ցույց է տրված, որ քվանտային մակարդակի վրա Կահլերյան ինվարիանտության պահանջը հավասարազոր է աքսիալ ֆերմիոնային հոսանքների անոմալիաների զրոյացմանը: Քանի որ Կահլերյան ինվարիանտությունը անհրաժեշտ պայման է այն տեսությունների համար, որոնցում սկալյար դաշտերի բազմակերպությունը մի քարտեզով չի ծածկվում, նման տեսությունների համար ստացված են մուլտիպլետային կազմի նոր սահմանափակումներ:

3.Լ. Ա. Զուրաբյան, Ռ.Լ. Մկրտչյան. «Կազիմիրի օպերատորները քվանտային SLq (N) խմբերի համար»: Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի հրատարակչություն , 1989, YERPHI-1149(26)-89

Արդյունքը. Հաշվարկված է քվանտային SL խմբերի Կազիմիրի օպերատորները  ցանակացած N-ի համար:

4. Ալ. Ռ. Կավալով, Ռ. Լ. Մկրտչյան, Լ. Ա. Զուրաբյան. «Դիսկրետ սպեկտրով պատահական մատրիցաներ եւ Տոդայի սահմանափակ շղթաները», Phys. Lett. A6 3627, 1991, հատոր 06, համար 39:

Արդյունքը. Պատահական մատրիցաների մոդելներում սեփական արժեքների սահմանափակումը առաջացնում է տարբեր մոդելներ (Հերմիտյան, ունիտար, (հակա)սիմետրիկ, Պենների, եւ այլն): Դիտարկված է մոդել, որում սեփական արժեքները արժեք են ստանում դիսկրետ սահմանափակ մի բազմությունից, հաստատված է մոդելի կապը Տոդայի սահմանափակ շղթայի հետ  եւ ուսումնասիրված են այդ կապի մանրամասները: Ստացված է լարային հավասարություն, որը, մոտենալով այն սահմանին, երբ սեփական արժեքները իրական առանցքների վրա դառնում են խիտ, ձգտում է սովորական լարային հավասարության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment