«2021-ին էլ ինձ նույն կերպ ապօրինի կալանավորել էին, նորից դուրս եկա՝ ՍԴ-ի որոշման հիման վրա։ Հիմա էլ եմ ապօրինի կալանավորված, բայց հիմա չեն կիրառում նույն այն ՍԴ որոշումը, որով ես 2021-ին դուրս եմ եկել։ Դա ցույց է տալիս իրենց երկակի ստանդարտները։ Դրանով ուզում են ցույց տալ, որ այս երկրում ինչ ուզում են, կանեն, այդ ամենն իրենց լավ տեղ տանել չի կարող»,- Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով (նախագահող դատավոր Կարեն ֆարխոյան) դատական նիստի մեկնարկից առաջ դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց գործով մեղադրյալ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը։
Նա վստահեցրեց՝ այն գիծը, որն իրենց քաղաքական ուժն ունի, և ժողովրդին խոսք են տվել, որի հիման վրա իրենց ձայն է տվել ժողովուրդը, իրենց այդ գիծը պետք է պահեն և գնան առաջ։
Դիտարկմանը՝ ի՞նչ տպավորություն ունեք, ԱԺ-ում ընդդիմությունը մի տեսակ պաշտպանվողի դերում չէ՞, Արթուր Սարգսյանն արձագանքեց․ «Այդպիսի գնահատական չեմ տա, որ մենք պաշտպանվողի դերում ենք։ Ամեն քաղաքական ուժ իր ճանապարհն ունի։ Սա պայքարի ձև է, որը կարող է ամեն օր փոխվել։ Բնականաբար, իշխող ուժը պետք է արդարանա։ Բայց այն, որ ասում են՝ եկեք բարեկիրթ լինենք, գնանք առաջ, բարեկրթությունն ի՞նչ կապ ունի սրա հետ, որ ես հիմա այստեղ եմ։ Բարեկիրթ միայն Աժ-ո՞ւմ են լինում․ բա անցյալի պատասխանն ո՞վ պետք է տա, մեր Արցախի կորստի պատասխանն ո՞վ պիտի տա։ Թուրքն այսօր Իշխանասարի գլխին նստած է։ Եթե մարդիկ կան, որ ընդունում են՝ այդպես պիտի գնա, դա չի նշանակում, որ չընդունողները ԱԺ-ում կռիվ պիտի անեն։ Ես այդպես չեմ կարող․ ժամանակը գա, կտեսնեք՝ ես ոնց եմ անում և ոնց եմ գնալու առաջ»։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով դատական նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: