«Մարտուն Գրիգորյանին մեկուսացնում են, որ իշխանությունը  հասնի իր փափագին․ Գյումրու քաղաքապետի աթոռն էլ զավթի»․ Լիզա Գասպարյան

«Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանն իր քաղաքական թիմի ղեկավարի՝  ԱԺ  նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի (գլխավոր լուսանկարում) ձերբակալությունը համարում է քաղաքական հետապնդում՝ նշելով, որ սա սպասելի էր։

Ըստ նրա՝ դեռ 2025 թվականի Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցելու ժամանակաշրջանից սկսած, երբ սկսվեցին Մարտուն Գրիգորյանի թիմակիցների, ընտանիքի անդամների՝ հոր, որդիների ձերբակալությունները, իրենք սպասում էին նաև այս օրվան։

Լիզա Գասպարյանի տեղեկացմամբ՝ Մարտուն Գրիգորյանի ավագ որդին՝ Կամո Գրիգորյանը, այս պահին կալանավորված է՝ անհասկանալի պատճառով։ Նրա բնութագրմամբ՝  Մարտուն Գրիգորյանն էլ, լինելով հեռատես,  քաղաքական հաշվարկներում իրատես, պատրաստվել է այս օրվան։

«Սպասում էինք, ուղղակի ամիս, ամսաթիվը չգիտեինք, թե երբ է լինելու։ Ես չեմ տեսել պարոն Գրիգորյանին, որովհետև առավոտյան ժամը 7․00-7․30-ի սահմաններում է հակակոռուպցիոն կոմիտեն թակել տան դուռը, բայց որդու՝ Կարեն Գրիգորյանի փոխանցմամբ՝ շատ բարձր, լավ տրամադրությամբ գնացել է»,- ասաց Լիզա Գասպարյանը։

Լիզա Գասպարյանն այս պահին Հակակոռուպցիոն կոմիտեի բակում է, նա Aravot․am-ին փոխանցեց, որ Մարտուն Գրիգորյանի հարցաքննությունն ավարտվել է,  սպասում են՝  երբ նրան կտեղափոխեն դատարան՝ խափանման միջոցի հարցը քննելու։

Փաստաբան Արսեն Բաբայանը տեղեկացրել էր, որ Մարտուն Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը վերաբերում է դեռևս մայիսին՝ ընտրական հանցագործության առթիվ նախաձեռնված քրեական վարույթին. ««Փաստորեն, Հակակոռուպցիոն կոմիտեն վարույթը շուրջ երեք ամիս քննելուց հետո է հանգել հետևության, որ այժմ Մարտուն Գրիգորյանին անհրաժեշտ է կալանավորել։ Տարօրինակ «զուգադիպությունների» մասին կխոսենք հետագայում»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր փաստաբանը:

Aravot․am-հ հետաքրքրվեց, թե   Մարտուն Գրիգորյանի թիմի  կարծիքով՝ ո՞րն է նրան ձերբակալելու պատճառը․ ավելի շատ կապված է Գագիկ Ծառուկյանի  նկատմամբ կատարվող գործընթացների, այն հանգամանքի հետ, որ Մարտուն Գրիգորյանը ԲՀԿ ցուցակով մասնակցեց ԱԺ ընտրությունների՞ն, թե՞ ընդդիմադիրներին մեկուսացնելով միջոցով  Գյումրիում նոր ՏԻՄ ընտրություններ անցկացնելու մտադրությունը իրագործելու հետ։

«Միակ պատճառը քաղաքական հետապնդումն է, դա՝ հաստատ, բայց թե որ դրդապատճառն է  դրդել իշխանությանը դիմել այս քայլին՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով մասնակցելը, թե Գյումրիի շուրջ զարգացող թնջուկը, որը չի հանգուցալուծվում, երկու տարբերակներն էլ հավանական են, նայած թե՝ իշխանությունը որ տեսանկյունից է նայում։

Բայց որ մենք հետհայացք ենք գցում՝ 2025 թվականից մինչև այսօր պարոն Գրիգորյանի ընտանիքի ու թիմակիցների շրջանում ինչպիսի քաղաքական հալածանքներ են տեղի ունենում, ավելի շատ այստեղ ոնց որ թե Գյումրու խնդիրն է, որ առաջիկայում իշխանությունը ամեն դեպքում հասնի իր փափագին, հասնի իր մեծ երազանքին, Գյումրու քաղաքապետի աթոռն էլ զավթի, որ հանգստանան», -ասաց Լիզա Գասպարյանը։

Ըստ նրա, այս ձևով փորձում են թուլացնել, ընկճել Մարտուն Գրիգորյանի թիմին, սակայն սխալվում են։

«Իրենք շատ լավ գիտեն, որ մեր քաղաքական ղեկավարը Մարտուն  Գրիգորյանն է, բայց  լավատեսորեն իրենց պիտի հուշեմ, որ մեր թիմը չափազանց պինդ է, խոհեմ է, զսպված է և բոլոր իրավիճակներում շատ լավ կկարողանում են կազմակերպել և շարունակել իրենց աշխատանքը։

Ասեմ, որ մենք այս օրվան սպասում էինք, մեզ համար անակնկալ չէր, գիտեինք, որ մի օր լինելուէ սա, այս սցենարը ևս դիտարկել էինք։ Պարոն Գրիգորյանը մեզ շատ երկար ժամանակ մեծի կարգավիճակով խորհրդատվություն արել է, մենք գիտենք ինչ իրավիճակում, հավանական սցենարում ինչ պիտի անենք, թիմը ինչպես պետք է գործի։

Կուզեմ շեշտել՝ պարոն Գրիգորյանն այն քաղաքական գործիչն է, ով 20 տարի ճանապարհ ունի անցած, քաղաքական կենսագրություն ունի, գյումրեցիները շատ լավ գիտեն իրեն, իր հեղինակությունը, վարկանիշը։ Նա շատ լավ գերդաստանից է, լավ ընտանիք ունի, լավ որդիների ունի, տարիներ շարունակ իր գործունեությունը կառուցել է Հայաստանի, Շիրակի, Գյումրու ու Արցախի համար, և նա շարունակելու է այդպես աշխատել և գործել։

Սա ո՛չ իրեն, ո՛չ էլ մեզ՝ թիմին չի ճնշելու, հակառակը մի տեսակ էլ ավելի ակտիվ, գրագետ , պատասխանաատու աշխատելու մոտիվ է տալիս»,-եզրափակեց Լիզա Գասպարյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment