Հայաստանը շահագրգռված է իրանական շուկայում մրցունակ պտուղ-բանջարեղենի, չրերի և այլ պարենային արտադրանքի ներկայության ընդլայնմամբ. Պապոյանը՝ Աքբար Ֆաթհիին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը օգոստոսի 13-ին Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում անցկացվող Եվրասիական տնտեսական միության ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի յոթերորդ նիստի շրջանակում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության գյուղատնտեսական ջիհադի նախարարի տեղակալ Աքբար Ֆաթհիի հետ։

Հանդիպման սկզբում Գևորգ Պապոյանը նշել է, որ Հայաստանի և Իրանի միջև գյուղատնտեսության ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ, հատկապես՝ բուսաբուծության, անասնաբուծության, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման, ջերմոցային տնտեսությունների, սառնարանային և պահեստային ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում։

«Հայաստանը շահագրգռված է իրանական շուկայում մրցունակ պտուղ-բանջարեղենի, վերամշակված արտադրանքի, չրերի և այլ պարենային արտադրանքի ներկայության ընդլայնմամբ, ինչպես նաև իրանական որակյալ արտադրանքի՝ հայկական շուկա մատակարարումների զարգացմամբ», – նշել է Գևորգ Պապոյանը։
Կլիմայական ժամանակակից մարտահրավերների համատեքստում նախարարը կարևորել է նաև ոռոգման արդյունավետ և ջրախնայող համակարգերի, գյուղատնտեսության թվայնացման և արտադրողականության բարձրացման ուղղությամբ փորձի փոխանակումը։
Նախարար Պապոյանը նաև առաջարկել է դիտարկել համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունը գյուղատնտեսության ոլորտի տարբեր ուղղություններով։

Քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment