Փաշինյանը Պուտինի հետ զրույցից հետո արտահանման հարցում փոփոխություն չի նկատել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո, պատասխանելով լրագրողի հարցին, ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո դեպի Ռուսաստան հայկական ապրանքների արտահանման առումով փոփոխություն չի նկատել։

«Ոչ, չեմ տեսնում»,-կարճ պատասխանել է նա, հայտնում է Sputnik Արմենիան:

Վարչապետը նաև ասել է, որ ԵՄ–ն ու ԵԱՏՄ–ն Հայաստանին պետք են այնքան ժամանակ, քանի դեռ այլընտրանք չի ձևավորվել։

«ԵՄ–ն ու ԵԱՏՄ–ն Հայաստանին հավասարապես պետք են այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ իշխանություններն այլընտրանքների ձևակերպման հետ կապված իրենց հանձնառությունը կատարած չեն լինի, և մեր ժողովուրդը չի կարողանա ընտրություն կատարել։ Սակայն այլ ընտրություն էլ կա` կարող է 3–րդ նախաձեռնությունը լինել, որը ո՛չ ԵԱՏՄ–ի, ո՛չ ԵՄ–ի հետ կապ չունի։ Իսկ ո՞վ է ասել, որ բոլորը պարտադիր ինչ-որ տեղում պետք է լինեն»,– ասել է նա։

Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել հայկական արտադրանքի ներմուծման նկատմամբ։ Մասնավորապես, արգելվել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ինչպես նաև որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը։ Սահմանափակումներ են կիրառվել նաև գյուղատնտեսական մի շարք ապրանքների, այդ թվում՝ լոլիկի, վարունգի և ելակի ներմուծման նկատմամբ։ ՌԴ-ն հունիսի 2-ից սահմանափակում է ՀՀ-ից կեռասի, ծիրանի, դեղձի, սալորի, խաղողի և այլ կորիզավոր մրգերի ներմուծումը, ինչպես նաև տարանցումը ԵԱՏՄ մյուս երկրներ: Հունիսի 3-ից ՌԴ-ն սահմանափակել է Հայաստանից ծագող և արտահանվող սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծման նկատմամբ։

Leave a comment