Հայոց ցեղասպանությունը չպետք է դարձնել որևէ տեսակի բանակցության առարկա․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

13.08.2026 | 13:29

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Սարգիս Խանդանյանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանություններն այլևս առաջնահերթություն չեն համարում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը:

Խանդանյանը հստակեցրել է, որ գործընթացն ընթանում է առանց նախապայմանների: Նա հերքել է այն լուրերը, թե Թուրքիան պահանջներ է ներկայացրել Ցեղասպանության ճանաչման հարցից հրաժարվելու կամ Արարատ լեռը պետական խորհրդանիշներից հանելու վերաբերյալ:

«Բանակցությունների որևէ փուլում նման պահանջ, նման նույնիսկ ակնարկ Թուրքիայի ներկայացուցիչների կողմից երբևէ չի եղել»,- շեշտել է նա:
Խանդանյանի պնդմամբ՝ Ցեղասպանության հարցն արտաքին քաղաքական օրակարգ բերելը եղել է նախկին իշխանությունների սխալը: Նրա խոսքով՝ այդ հարցը չպետք է լինի առաջնահերթություն նաև ապագայում:
«Հայաստանի կառավարությունը, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի տարիներին, երբ որ այդ հարցը բերել է և դարձրել ազգային արտաքին քաղաքական առաջնահերթություն, մեծագույն սխալ է գործել»,- հայտարարել է պատգամավորը:

Որպես հիմնավորում՝ Խանդանյանը նշել է, որ Ցեղասպանության ճանաչման հարցը տարբեր երկրների կողմից օգտագործվել է որպես քաղաքական գործիք: Նա մատնանշել է այն պետություններին, որոնք ընդունելով Ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր, միևնույն ժամանակ ռազմական խոշոր պայմանագրեր են կնքել Ադրբեջանի հետ:

«Հայոց ցեղասպանությունը չպետք է դարձնել որևէ տեսակի բանակցության առարկա»,- եզրափակել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment